Խաղաղության համաշխարհային ինդեքսը (GPI) հասել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենացածր մակարդակին։ Այս մասին փաստում են «Vision of Humanity» նախագծի կայքում հրապարակված 2026 թվականի տվյալները։
Ըստ հետազոտության՝ այսօր աշխարհում բախումների ու հակամարտությունների թիվը ռեկորդային է, իսկ դրանց հանգուցալուծումը դարձել է բավականին բարդ։ Ռազմական գործողություններում ներքաշված երկրների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2008 թվականի 59-ից 2026-ին հասնելով 103-ի։ Բացի այդ, 2018-2025 թվականների ընթացքում ԱԹՍ-ներով (անօդաչու թռչող սարքերով) հարձակումների թիվն աճել է ավելի քան 11,500%-ով։ Համաշխարհային հակամարտությունների հետևանքով մահացության մակարդակը հասել է պատմական առավելագույնին. միայն 2025 թվականին զոհերի թիվն անցել է 181 հազարը, ինչը վեց անգամ գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը։
2026 թվականի տվյալներով՝ ամենախաղաղասեր երկրների ցանկում Ռուսաստանը զբաղեցրել է վերջին տեղը։ Ամենավտանգավոր երկրների հնգյակում են հայտնվել նաև Սուդանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ուկրաինան և Իսրայելը։ Իսկ աշխարհի ամենաանվտանգ երկրներ են ճանաչվել Իսլանդիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Սլովենիան և Իռլանդիան։
Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի (IEP) կողմից մշակված այս ինդեքսն աշխարհում առաջատար ցուցիչն է, որը չափում է երկրների խաղաղասիրության մակարդակը։ Այն առաջին անգամ հաշվարկվել է 2007 թվականի մայիսին։ Նախագծի հիմնական նպատակն է գնահատել բռնության կամ դրա հանդեպ ունեցած վախի բացակայությունը աշխարհում։ Այն նաև վերլուծում է խաղաղության միտումները, ուսումնասիրում դրա տնտեսական արժեքը և ուղիներ փնտրում՝ ավելի հանդարտ ու անվտանգ հասարակություններ ձևավորելու համար։
GPI-ն գնահատում է խաղաղության վիճակը՝ հիմնվելով 23 քանակական և որակական ցուցանիշների վրա, որոնք խմբավորված են ըստ երեք հիմնական ոլորտների՝ հասարակական անվտանգության և պաշտպանվածության մակարդակ, ներկայիս ներքին և արտաքին հակամարտությունների մասշտաբներ և երկրների ռազմականացման աստիճան։
Source: https://news.am/hy/news/1042518