Ընդհանուր իրավասության առաջին վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նացիզմի վերականգնման համար ընդհանուր ռեժիմի գաղութում 4,5 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Արսեն Մարկարյանի դատավճիռը. դատարանի դահլիճից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը Մարկարյանին մեղավոր էր ճանաչել և նրան պատժել 4,5 տարվա ազատազրկմամբ՝ չորս տարի ժամկետով արգելելով համացանցային ռեսուրսների կառավարումը։ Գործը քննվել էր հատուկ կարգով, երբ ամբաստանյալը ընդունել էր մեղքը և կնքել մինչդատական համաձայնագիր։

Վերաքննիչ ատյանի դատարանը համաձայնել է նախկինում ընդունված որոշման հետ՝ մերժելով ինչպես պաշտպանական կողմի, այնպես էլ դատախազության բողոքները, որը պնդում էր պատժի խստացումը։

Քննությամբ պարզվել է, որ անցյալ տարի Մարկարյանը հրապարակել է տեսանյութեր, որոնք պարունակում էին «վիրավորական արտահայտություններ Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովի հիշատակի հասցեին», ինչպես նաև մեկնաբանություններ, որոնք որակվել են որպես «նացիզմի գաղափարախոսության արդարացում»։

Բլոգերը ձերբակալվել էր ամռանը Մերձմոսկվայում, որտեղ, իրավապահ մարմինների տվյալներով, թաքնվում էր ավտոմեքենայի բեռնախցիկում։ Այդ ժամանակից ի վեր նա կալանքի տակ էր։

Դատարանում Մարկարյանն ընդունել է մեղքը և զղջում հայտնել՝ ընդգծելով, որ պատրաստ է ապացուցել իր ուղղվելը։ Պաշտպանական կողմը պնդում էր ավելի մեղմ պատիժ՝ մատնանշելով մեղմացուցիչ հանգամանքները, սակայն դատախազությունը դատավճիռը համարել էր ոչ բավարար խիստ՝ նշելով հանցագործության կատարումը զորահավաքի ժամանակաշրջանում։

Source: https://news.am/hy/news/1042586