Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի ընդլայնման հնարավորությունը՝ դրանում ներառելով մի շարք բարձրաստիճան անձանց և մարզական ֆունկցիոներների. հայտնում է EUobserver-ը։
Պարբերականի տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է վիզային սահմանափակումներ մտցնել և սառեցնել Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի (Վլադիմիր Գունդյաև) ու Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչի ակտիվները։ Նրանք մեղադրվում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին հրապարակայնորեն աջակցելու և Մոսկվայի քաղաքականության օրինականացմանը նպաստելու մեջ։
Քննարկվում է նաև ռուսական մի շարք մարզական գործիչների նկատմամբ պատժամիջոցների հնարավորությունը, ներառյալ՝ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը, Ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Մամիաշվիլին և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախկին ղեկավար Ստանիսլավ Պոզդնյակովը։
Բացի դրանից, Եվրահանձնաժողովը սահմանափակումների ավելի լայն փաթեթ է պատրաստում, որը ներառում է միջոցներ բանկային հատվածի, ֆինանսական կազմակերպությունների դեմ, սահմանափակումներ ռուսական նավթի նկատմամբ, հեղուկացված բնական գազի լցանավերի վաճառքի արգելք և առաջին պատժամիջոցները ձկնարդյունաբերության ոլորտում։
Վերջնական որոշումը պետք է միաձայն ընդունեն ԵՄ անդամ երկրների առաջնորդները։
Source: https://news.am/hy/news/1042585