Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով:

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Կալանավորվելուց հետո Օսիպյանն առ այսօր հացադուլի մեջ էր։

Source: https://news.am/hy/news/1042592