Եվրոպայում արձանագրվում է թերահավատ տրամադրությունների աճ ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի նկատմամբ։ Դրա մասին են վկայում Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ (ECFR) վերլուծական կենտրոնի հարցման տվյալները, որից քաղվածքներ է հրապարակում The Guardian-ը։
Ըստ հետազոտության արդյունքների՝ եվրոպական 15 երկրների բնակիչների միայն մոտ 11%-ն է ԱՄՆ-ին դաշնակից համարում, մինչդեռ մեծամասնությունը Վաշինգտոնին ընկալում է ավելի շուտ որպես «անհրաժեշտ գործընկեր»։ Նրանց բաժինը, որոնք ԱՄՆ-ն անվանում են դաշնակից, նվազել է՝ կազմելով 11%՝ կես տարի առաջվա 16%-ի և 2024 թվականի նոյեմբերի 22%-ի համեմատ։
Հարցումն անցկացվել է Ավստրիայում, Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Էստոնիայում։ Ընդհանուր առմամբ, մասնակիցներն ավելի ու ավելի են կասկածում ճգնաժամի կամ հարձակման դեպքում եվրոպական երկրներին օգնության հասնելու ԱՄՆ-ի պատրաստակամությանը։
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ աճում է այն գաղափարի աջակցությունը, ըստ որի՝ Եվրոպան պետք է կրճատի իր կախվածությունն ամերիկյան սպառազինությունից։ Այդ գաղափարին ամենաակտիվը կողմ են արտահայտվում Դանիայում, Նիդերլանդներում, Շվեդիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում։
ECFR-ի փորձագետները նշում են, որ Եվրոպայում ուժեղանում է պատրաստակամությունը պաշտպանական ծախսերի ավելացման և սեփական անկախ մարտունակության ամրապնդման նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ԵՄ մակարդակով ՆԱՏՕ-ին այլընտրանք ստեղծելու գաղափարը մնում է պակաս տարածված. դրան կողմ է հարցվածների մոտ մեկ երրորդը։
Առանձնահատուկ նշվում է, որ շատ երկրներում պահպանվում են տարաձայնությունները ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում, ընդ որում՝ մի շարք պետություններում այդ գաղափարի հակառակորդներն ավելի շատ են, քան կողմնակիցները։
Source: https://news.am/hy/news/1042575