Քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանները շարունակում են բարելավվել, իսկ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ես ամեն օր օպերատիվ տեղեկատվություն եմ ստանում Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին։ Երեկ նրան է այցելել մեր կենտրոնական ապարատի աշխատակիցը։ Նրան նաև առաջարկվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք, իր կարծիքով, տեղի են ունենում և որոնք ինքը համարում է հանցավոր բնույթի», - ասել է Գալյանը։
Նախարարի խոսքով՝ ձեռնարկվում են Օսիպյանի իրավունքներն ամբողջ ծավալով ապահովելու համար նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցները։ «Նրան տրվում է զբոսանքի հնարավորություն՝ նախատեսված չափով։ Անհրաժեշտ ամեն ինչ արվում է։ Պետք չէ կոնկրետ անձի նկատմամբ որևէ միտումնավորություն կամ վատ վերաբերմունքի նշաններ փնտրել», - վստահեցրել է արդարադատության նախարարը։
Source: https://news.am/hy/news/1042500