84 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լյուդմիլա Չուրսինան։ Այս մասին հայտնել են Ռուսական բանակի թատրոնի տելեգրամյան ալիքում։
«Միլիոնավոր հանդիսատեսների կողմից սիրված, եզակի ու անկրկնելի, իսկական հերոսուհի, ռուսական դրամատիկական արվեստի մեծագույն դերասանուհի»,- ասված է թատրոնի ներկայացուցիչների հրապարակման մեջ։
Թատրոնից փոխանցել են, որ հրաժեշտի արարողության վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի լրացուցիչ։
Չուրսինան ծնվել է 1941 թվականի հուլիսի 20-ին Պսկովի Գրուզդովո գյուղի մոտ գտնվող ռազմաբժշկական գումարտակում։ Պատերազմից հետո նրա ընտանիքը ապրել է Թբիլիսիում, Բաթումում, Կամչատկայում և Չուկոտկայում, ապա վերադարձել է Վելիկիե Լուկի։ Դերասանուհին բարձրագույն կրթություն է ստացել Շչուկինի անվան ԲԹՈՒ-ում՝ ավարտելով այն գերազանցությամբ։ Չուրսինան խաղացել է Վախթանգովի անվան թատրոնում, եղել է «Լենֆիլմ»-ի և Ռուսաստանի բանակի թատրոնի դերասանուհի։
Դերասանուհու կինոդեբյուտը տեղի է ունեցել «Երբ ծառերը մեծ էին» ֆիլմում (1961 թ.), ընդհանուր առմամբ Չուրսինան կատարել է ավելի քան հարյուր դեր։ Նա նաև եղել է Կինեմատոգրաֆիստների միության և Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ։ Չուրսինան հայտնի է «Դոնյան պատմվածք» ֆիլմում (1964 թ.) կազակուհի Դարյայի, համանուն ֆիլմում Վիրինեայի, «Մռայլ գետ» հեռուստասերիալում Անֆիսայի և այլ դերերով։ Բացի այդ, նա նկարահանվել է «Մարգոշա», «Ինտերններ», «Փակ դպրոց» և «Զուտ մոսկովյան սպանություններ» սերիալներում։
Source: https://news.am/hy/news/1042552