Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում չորեքշաբթի անցկացված լսումները բազմիցս վերածվել են սուր փոխհրաձգության. պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստիպված է եղել հետ մղել հարցերը ոչ միայն Իրանի հետ պատերազմի, այլև նախագահ Դոնալդ Թրամփի գործունակության և նույնիսկ նրա կոշիկների մասին։
Գրեթե չորս ժամ տևած նիստը հստակորեն ի ցույց դրեց կուսակցական պառակտումը. հանրապետականները Ռուբիոյին ողողում էին գովեստներով և կատակներով խայթում իրենց դեմոկրատ գործընկերներին, մինչդեռ Դեմոկրատական կուսակցության մի քանի կոնգրեսականներ Պետքարտուղարության ղեկավարին ենթարկեցին դաժան հարցաքննության։
«Սա արտաքին գործերի կոմիտե՞ է, թե՞ կրկես: Ի՞նչ է այստեղ ընդհանրապես կատարվում»,- ինչ-որ պահի չի հանդուրժել Ռուբիոն։
Կալիֆորնիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Թեդ Լյուն ցուցադրել է մի քանի տեսագրություն, որոնցում Թրամփը, դատելով ամենից, քնած է աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ։ Նա Ռուբիոյին մեղադրել է «Կոնգրեսին ստելու» մեջ այն բանից հետո, երբ ամերիկյան գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ «ոչ մի անգամ ներկա չի գտնվել որևէ հանդիպման», որտեղ նախագահը քնած լիներ կամ արթուն մնալու դժվարություն ունենար։
«Պարոն պետքարտուղար, կաբինետի՝ հյուսիսկորեական ոճով նիստեր անցկացնելու փոխարեն, որտեղ բոլորը հերթով համբուրում են Դոնալդ Թրամփի հետույքը, ձեզ կոչ եմ անում ազնվորեն խոսել ինչպես ամերիկացի ժողովրդի, այնպես էլ բուն Սպիտակ տան հետ»,- կտրուկ ասել է կալիֆորնիացի դեմոկրատը։
Հարցեր 2020 թվականի ընտրությունների և չափազանց մեծ կոշիկների մասին
Կալիֆորնիայից մեկ այլ դեմոկրատ՝ կոնգրեսական Սառա Ջեյքոբսը, Ռուբիոյին ողողել է հարցերով ոչ միայն Իրանում պատերազմի ավարտի մասին նրա պնդումների վերաբերյալ, այլև շոշափել է 2020 թվականի նախագահական ընտրությունների թեման, ինչպես նաև այն կոշիկների մասին լուրերը, որոնք Ռուբիոն նվեր է ստացել Թրամփից։
«Ո՞վ է հաղթել 2020 թվականի նախագահական ընտրություններում»,- հարցրել է նա։ Ռուբիոն հրաժարվել է պատասխանել՝ հայտարարելով, որ այստեղ է եկել ոչ թե ներքաղաքական հարցեր քննարկելու համար։
«Պարոն պետքարտուղար, թվում է՝ դուք փաստերն ընդունելու խնդիր ունեք։ Դուք չեք կարողանում ընդունել, որ նախագահը պարտվել է 2020 թվականի ընտրությունները. ճիշտ այնպես, ինչպես չեք ցանկանում ընդունել, որ նախագահ Թրամփը պարտվում է այս անխոհեմ պատերազմը, որն ինքն էլ սանձազերծել է։ Եվ ճիշտ այնպես, ինչպես դուք չկարողացաք ընդունել, որ կոշիկները, որոնք ձեզ համար գնել է նախագահը, չափազանց մեծ են դուրս եկել»,- հակադարձել է Ջեյքոբսը։
Կոնգրեսականը վկայակոչել է The Wall Street Journal պարբերականի վերջերս հրապարակած նյութը, որում պնդվում էր, որ Թրամփն իր կաբինետի անդամների համար գնում է Florsheim ապրանքանիշի կոշիկներ։ Հրապարակված լուսանկարներից մեկում այդ կոշիկները Ռուբիոյի հագին իսկապես չափազանց մեծ տեսք ունեին։
«Ես գաղափար չունեմ, թե ինչ կոշիկների մասին է նա խոսում: Ի՞նչ հիմարություն է,- արձագանքել է Ռուբիոն։ Սակայն քիչ անց հավելել է. -Այո, նա ինձ նվիրել է Florsheim կոշիկներ: Դրանք իմ հագով են»։
Հերթական ծայրահեղ էմոցիոնալ բառային դուելից հետո (այս անգամ կոնգրեսական Սիդնի Քամլագեր-Դավի հետ)՝ Ռուբիոն քննադատել է օրենսդիրներին այն բանի համար, որ նրանք պարզապես թույլ չեն տալիս իրեն խոսք ասել։
«Սրանք լսումներ չեն: Սրանք նման են ինչ-որ ատրակցիոնի, որտեղ ջուր են լցնում վրադ: Ի՞նչ է սա ընդհանրապես»,- հեգնել է պետքարտուղարը։
Source: https://news.am/hy/news/1040728