Պենտագոնի, Պետքարտուղարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գլխավոր տեսուչները համատեղ ստուգում են սկսել Իրանի հետ ԱՄՆ պատերազմի առնչությամբ: Գերատեսչությունները հայտարարել են, որ օրենքով պարտավոր են հետաքննել ցանկացած արտասահմանյան ռազմական գործողություն, որի տևողությունը գերազանցում է 60 օրը։
Այս հայտարարությունն ունի սկզբունքային նշանակություն, քանի որ այն մատնանշում է, որ վերահսկող մարմինները պատերազմը իրավականորեն տևական են համարում արդեն ավելի քան 60 օր՝ սկսած փետրվարի 28-ի դրա մեկնարկի պահից։ Ըստ Պատերազմական լիազորությունների մասին օրենքի (War Powers Act)՝ ԱՄՆ նախագահին արգելվում է ամերիկյան զորքերը պահել ակտիվ մարտական գործողությունների գոտում 60 օրից ավելի՝ առանց Կոնգրեսի պաշտոնական հավանության, հայտնում է CNN-ը։
Թրամփի վարչակազմն այդպես էլ չի դիմել օրենսդիրներին՝ Իրանի դեմ «Էպիկական ցասում» (Operation Epic Fury) գործողության իրականացման համար նման հավանություն ստանալու նպատակով։
Անցյալ ամիս պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ, իր պատկերացմամբ, պատերազմի 60-օրյա օրենսդրական հաշվիչը «զրոյացվել է», երբ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլին հայտարարեց հրադադարի մասին։
Ընդսմին, գերատեսչության հաղորդմամբ՝ ընդամենը մի քանի օր անց՝ մայիսի 12-ին, Ազնվության և արդյունավետության հարցերով գլխավոր տեսուչների խորհրդի (CIGIE) նախագահը Պենտագոնի գլխավոր տեսուչ Պլատ Բ. Մորինգ երրորդին նշանակել է որպես «Էպիկական ցասում» գործողության առաջատար տեսուչ։
Source: https://news.am/hy/news/1040729