ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում իր ելույթի ժամանակ հրաժարվել է հաստատել Իսրայելի՝ միջուկային զենք ունենալու փաստը։
Նա հայտարարել է, որ նման հարցերը ծայրահեղ զգուշավոր մոտեցում են պահանջում և ավելի հարմար են փակ (գաղտնի) ճեպազրույցի ընթացքում քննարկվելու համար։
«Եթե անկեղծ խոսենք, ես կարծում եմ, որ աշխարհի մեծ մասը հավատում է, որ նրանք դա ունեն, սակայն իրենք՝ իսրայելցիները, երբեք դա հրապարակավ չեն խոստովանել»,- նշել է Ռուբիոն՝ դիմելով կոմիտեի անդամներին։
Ռուբիոն ընդունել է թեմայի ամբողջ նրբությունը՝ ընդգծելով, որ «այս հարցերը նրբանկատ հավասարակշռում են պահանջում տարբեր օրինական շահերի ու իրավունքների միջև», սակայն ձեռնպահ է մնացել Իսրայելի միջուկային կարողության ուղղակի հաստատումից։ Նա ենթադրել է, որ օրենսդիրները կկարողանան «ավելի սպառիչ պատասխան» ստանալ «գաղտնի և վստահելի» միջավայրում։
Պետքարտուղարն ընդգծել է, որ Իսրայելի կողմից իր միջուկային ծրագրի չճանաչումը երկար ժամանակ եղել է «մեր արտաքին քաղաքականության անբաժանելի հատկանիշը»։ Նրա խոսքով՝ դա արտացոլում է Վաշինգտոնի և Թել Ավիվի՝ տասնամյակներ շարունակ գիտակցաբար պահպանվող այսպես կոչված ռազմավարական անորոշության քաղաքականությունը։
Source: https://news.am/hy/news/1040705