Լիտվան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ իր տարածքում ամերիկյան միջուկային զենքի հնարավոր տեղակայման շուրջ, հայտնել է երկրի պաշտպանության նախարարը։

«Քննարկումները շարունակվում են», — լրագրողներին հայտնել է ազգային պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը, հաղորդում է Politico-ն։

Այս բանակցություններն ընթանում են Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայությունը կրճատելու Վաշինգտոնի քայլերի հետնապատկերին, ինչը մտահոգություններ է առաջացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգության մեջ վտանգավոր խոցելիությունների ի հայտ գալու վերաբերյալ։

«Լիտվան, անշուշտ, անմասն չի մնում»,- հավելել է Կաունասը։

Մերձբալթյան այս երկրի Սահմանադրությունն արգելում է զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումն իր սահմաններում, սակայն նախագահ Գիտանաս Նաուսեդան արդեն իսկ հնարավոր է համարել մայր օրենքում փոփոխություններ կատարելը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտում առկա ընթացիկ ռիսկերը։

The Financial Times պարբերականն այս շաբաթ հայտնել էր, որ ԱՄՆ պաշտոնական անձինք բանակցություններ են վարում ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներում միջուկային մարտագլխիկների և ռմբակոծիչների տեղակայման շուրջ։ Ներկայում ամերիկյան միջուկային զենքը պահվում է Գերմանիայի, Բելգիայի, Իտալիայի, Թուրքիայի, Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի ռազմական օբյեկտներում։

Բանակցությունները ժամանակային առումով համընկել են Լիտվայից շուրջ 1000 ամերիկյան զինծառայողների նախատեսված դուրսբերման հետ։ Կաունասը նշել է, որ ԱՄՆ ռազմական անձնակազմի նոր ռոտացիայի իրականացումը մերձբալթյան հանրապետություն առայժմ մնում է Վաշինգտոնում «դիտարկման փուլում»՝ հավելելով, որ Եվրոպայում ամերիկյան զինվորների ընդհանուր թվաքանակի կրճատումը հանգեցրել է «տարածաշրջանային դիրքորոշումների վերանայմանը»։

Source: https://news.am/hy/news/1040695