Իսրայելի ֆինանսների նախարարը հայտարարել է Հորդանան գետի օկուպացված արևմտյան ափին գտնվող հրեական երեք բնակավայրերի լայնածավալ ընդլայնման մասին. այնտեղ նախատեսվում է կառուցել ավելի քան 2000 նոր բնակելի տուն։ Այդ տարածքները պաղեստինցիները հույս ունեն ներառել իրենց ապագա անկախ պետության կազմում, հայտնում է Reuters-ը։
Պետությունների մեծ մասը միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական է համարում հրեական բնակավայրերն այդ տարածքում և դրանք դիտարկում է որպես գլխավոր խոչընդոտ՝ հանուն երկարատև խաղաղության «երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորման ճանապարհին։
Բեցալել Սմոտրիչը, որի իրավասության տակ են Արևմտյան ափին Իսրայելի քաղաքացիական վարչակազմի հարցերը, հայտնել է, որ պլանավորման կոմիտեն հավանություն է տվել հրեա վերաբնակիչների համար 2162 նոր բնակելի տան կառուցմանը։
1006 բնակելի միավոր՝ Երուսաղեմի մոտակայքում գտնվող նոր բնակավայրում,
922 բնակելի միավոր՝ պաղեստինյան Նաբլուս քաղաքի հարևանությամբ,
«Մենք գործնականում շարունակում ենք կառուցապատել Իսրայելի Երկիրը»,- հայտարարել է ուլտրաազգայնական հայացքներով քաղաքական գործիչ Սմոտրիչը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ էին սահմանել նրա դեմ՝ մեղադրելով պաղեստինցիների դեմ բռնությունների հրահրման մեջ։
«Նոր տները կամրապնդեն մեր վերահսկողությունն այս հողի նկատմամբ, կբարձրացնեն Իսրայելի անվտանգությունը և տեղում կստեղծեն հստակ փաստեր, որոնք կկանխեն արաբական ահաբեկչական պետության ստեղծումը երկրի հենց սրտում»,- հայտարարության մեջ ընդգծել է Սմոտրիչը՝ չհստակեցնելով, թե հատկապես երբ կսկսվի շինարարությունը։
Երեք տարի առաջ նախարարի պաշտոնը ստանձնելուց ի վեր Սմոտրիչը հետևողականորեն ձգտում է ուժեղացնել Իսրայելի վերահսկողությունն ու ներկայությունը Արևմտյան ափին՝ ակտիվորեն հանդես գալով պաղեստինյան պետության ստեղծման գաղափարի դեմ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կառավարությունը համակարգում է գոյություն ունեցող հրեական բնակավայրերի զգալի ընդլայնումը և նորերի ստեղծումը։
Source: https://news.am/hy/news/1040655