Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն համերաշխություն է հայտնել Ռումինիային՝ կապված Սև ծովի Կոնստանցա նավահանգստում ռազմական ծովային անօդաչուի պայթյունի հետ։ Ելույթ ունենալով Չեռնոգորիայում ԵՄ — Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ճեպազրույցում՝ սլովակ առաջնորդը շեշտել է, որ նման միջադեպերը կարող են աղետալի գլոբալ հետևանքներ ունենալ, հաղորդում է TASR-ը։

Ֆիցոյի կարծիքով՝ Կոնստանցայում, ամենայն հավանականությամբ, պայթել է հերթական «մոլորված անօդաչուն», սակայն քաղաքական գործիչը հրաժարվել է անմիջապես մեղադրել հակամարտության կողմերից որևէ մեկին՝ մինչև բոլոր հանգամանքների պարզաբանումը։

Միաժամանակ նա կոչ է արել միջազգային հանրությանը գիտակցել իրավիճակի ողջ լրջությունը՝ նշելով, որ եթե այդ սարքը բախվեր ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկրի բնակելի շենքին, դա կհանգեցներ զանգվածային զոհերի։ «Ի վերջո, սա իսկապես կարող էր դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը», — հայտարարել է Սլովակիայի վարչապետը։

Որպես խնդրի լուծում՝ Ռոբերտ Ֆիցոն կոչ է արել անհապաղ սկսել ուղիղ բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նրա խոսքով՝ երկխոսությունը անհրաժեշտ է, և կարևոր չէ, թե կոնկրետ ով կլինի նախաձեռնողը՝ ԵՄ առաջնորդների պատվիրակությունը, թե որևէ առանձին հզոր պետության ղեկավարությունը։ Ֆիցոն ամփոփել է, որ եթե տեղի ունենա ևս մի քանի նման միջադեպ, աշխարհը հանկարծ կհայտնվի գլոբալ պատերազմի վիճակում։

Դեպքը ռումինական Կոնստանցա նավահանգստում տեղի է ունեցել ուրբաթ օրը․ ուկրաինական հակամարտությունում օգտագործվող ծովային անօդաչուն պայթել է ջրատարածքում՝ վնասելով մասնավոր ընկերության արդյունաբերական շենքը։ Տուժածներ չկան։

Սա տեղի է ունեցել Ռումինիայում մեկ այլ միջադեպից ընդամենը մեկ շաբաթ անց, երբ, Բուխարեստի հայտարարության համաձայն, ռուսական անօդաչուն հարվածել էր սահմանամերձ Գալաց քաղաքում գտնվող բնակելի տանը։

Source: https://news.am/hy/news/1041291