Եվրամիությունը Նախիջևանի երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը դիտարկում է որպես Ադրբեջանում առանցքային ներդրումային նախագծերից մեկը։ Դրա մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Վիկտոր Բոժկովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրա՝ երկար ժամանակ այս երկաթուղին գտնվել է լքված վիճակում։
Բոժկովը հայտնել է, որ վերջերս այցելել է Նախիջևան և փորձագետների խմբի հետ միասին զննել Ջուլֆա-Նախիջևան երթուղու երկաթուղային հատվածը։
«Մենք այս երթուղով անցանք աշխատանքային գնացքով, որի արագությունը կազմում էր մոտ 20 կմ/ժ։ Մոտ 20 կիլոմետր ճանապարհն անցնելու համար պահանջվեց շուրջ երեք ժամ»,- նշել է նա։
Ըստ ԵՄ ներկայացուցչի՝ մասնագետներն այժմ վերլուծում են գծի տեխնիկական վիճակը, անհրաժեշտ ներդրումների ծավալը, վերականգնման հնարավոր մեխանիզմները և նախագծի մոտավոր արժեքը։
«Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ երկաթուղային ենթակառուցվածքն ընդհանուր առմամբ գտնվում է բավարար վիճակում»,- ասել է Բոժկովը։
Նա նշել է, որ տեսչական ստուգման ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են կամուրջների, ուղեկամուրջների, ինչպես նաև Արաքս գետի երկայնքով՝ պետական սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող երկաթուղու հատվածի վիճակը։
«Նախիջևանի երկաթուղու վերականգնման այս նախագիծն ունի ազգային նշանակություն և դիտարկվում է որպես առաջնահերթ ներդրումային ուղղություններից մեկը», - ասել է Բոժկովը։
Source: https://news.am/hy/news/1041320