Իրանի գերագույն առաջնորդի ռազմական հարցերով խորհրդական, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ցանկացած հնարավոր համաձայնություն կախված է Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Իրանի արգելափակված ակտիվներից 24 միլիարդ դոլարը ապասառեցնելու համաձայնությունից:

Ըստ Ռեզայիի՝ եթե մարտական գործողությունները շարունակվեն, իսկ տնտեսական շրջափակումը չվերացվի, պատերազմը կտարածվի Հնդկական օվկիանոսի, Բաբ էլ-Մանդեբի նեղուցի, ինչպես նաև Կարմիր և Միջերկրական ծովերի վրա:

Գեներալն ընդգծել է, որ Թրամփը պետք է որոշումներ ընդունի Իսրայելից անկախ, իրանցի ժողովրդին վերադարձնի այն, ինչն օրենքով պատկանում է իրեն, դադարեցնի շրջափակումը և ազատի սառեցված ակտիվները:

Ռեզայիի կարծիքով՝ դա կարող էր նոր հորիզոններ բացել Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ապագայի համար: Նա հավելել է նաև, որ ԱՄՆ նախագահին անհրաժեշտ է մի կողմ դնել անձնական շահերը և մտածել ԱՄՆ ժողովրդի բարօրության մասին:

Source: https://news.am/hy/news/1041304