Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը պաշտոնատար անձանց հետ փակ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ եթե Լիբանանի հետ հրադադարն անխուսափելի է, ապա ավելի լավ է այն կնքել հենց հիմա, այլ ոչ թե մի քանի ամիս անց՝ նույն պայմաններով, հայտնում են իսրայելական Channel 12 և Kan հեռուստաալիքները:
Նախարարների կաբինետի նիստի իր ելույթում Զամիրն ընդգծել է, որ եթե հնարավորություն կա հասնելու համաձայնության «Իսրայելի համար ընդունելի և Վաշինգտոնում համաձայնեցված պայմաններով», ուրեմն գործընթացը ձգձգելն իմաստ չունի:
Նրա կարծիքով՝ ապագայում միևնույն վերջնական դիրքերին հասնելու համար մարտական գործողությունների շարունակումը նպատակահարմար չէ:
Բացի դրանից, սահմանամերձ հյուսիսային շրջանների քաղաքապետերի և տեղական խորհուրդների ղեկավարների հետ նախօրեին անցկացված հանդիպման ժամանակ Էյալ Զամիրն ամփոփել է ռազմական արշավի միջանկյալ արդյունքները: Նա խոստովանել է, որ «Հըզբոլլահ» շարժումը լիովին չի ոչնչացվել, սակայն այժմ այն «թույլ է, քան երբևէ», իսկ Լիբանանի կողմից ցամաքային ներխուժման ուղղակի սպառնալիքը վերացված է:
Գլխավոր շտաբի պետը հույս է հայտնել, որ բարձր ռազմական արդյունքները կվերածվեն քաղաքական ձեռքբերումների՝ հավելելով, որ եկել է «առաջնորդության, վճռականության և համառության ժամանակը»։
Source: https://news.am/hy/news/1041305