Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախատեսում է արտասահմանում ապրող քաղաքացիների գույքի կալանավորման հնարավորություն՝ այնպիսի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում, որոնք ռուսական օրենսդրությամբ դասվում են «ՌԴ շահերի դեմ» ուղղված գործողությունների շարքին։

Փաստաթուղթն ընդլայնում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածների ցանկը, որոնցով կարող է պատասխանատվություն առաջանալ արտերկրում բնակվող ռուսաստանցիների համար։

Մասնավորապես, դրանում ներառվել են պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց վիրավորելուն, Զինված ուժերը «վարկաբեկելուն», ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հրապարակային կոչերին վերաբերող նորմերը։

Օրենքը նախատեսում է միջոցների կիրառման հնարավորություն նշված վարչական իրավախախտումների մեջ մեղավոր ճանաչված անձանց գույքի նկատմամբ՝ անկախ երկրի սահմաններից դուրս նրանց փաստացի գտնվելու վայրից։

Source: https://news.am/hy/news/1042590