Մոլդովան չի բացառում սահմանափակ մասնակցության պայմաններով Եվրոպական միությանն անդամակցելու հնարավորությունը, ներառյալ՝ վետոյի իրավունքից հրաժարվելը։ Դրա մասին «Ռադիո Մոլդովա»-ի եթերում հայտարարել է հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Դոյնա Գերմանը։
Նրա խոսքով՝ Քիշնևի համար առաջնահերթություն են խաղաղությունը, անվտանգությունն ու տնտեսական զարգացումը, որոնք, ինչպես նա նշել է, ապահովում է ԵՄ-ն, մինչդեռ վետոյի իրավունքի առկայության հարցը առանցքային չէ։
Գերմանն ընդգծել է նաև, որ եվրաինտեգրման գործընթացին աջակցում են ԵՄ մի շարք երկրներ, դրանց թվում՝ Բալթյան պետությունները և Ռումինիան, սակայն Եվրամիության անդամների մի մասը, ըստ նրա, թերահավատ դիրքորոշում ունի դաշինքի ընդլայնման վերաբերյալ։ Նա խոստովանել է, որ Մոլդովան դեռևս լիովին չի համապատասխանում անդամակցության չափանիշներին և հետագա բարեփոխումների կարիք ունի։
Նա առանձնահատուկ մեկնաբանել է ԵՄ ապագա անդամների ձայնի իրավունքի հնարավոր սահմանափակման վերաբերյալ եվրոպական մի շարք երկրների առաջարկները, նշելով, որ Քիշնևը պատրաստ է քննարկել ինտեգրման տարբեր ձևաչափեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է հունիսի կեսերին ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հնարավորությունը, սակայն բուն գործընթացը չի երաշխավորում անդամակցություն և կարող է երկար ժամանակ խլել։
Source: https://news.am/hy/news/1042596