Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական օրենսդրության հարցերով փորձագետ Ջոնաթան Հոլը հայտարարել է, որ ներգաղթը պետք է գնահատել ոչ միայն տնտեսական ու սոցիալական առումներով, այլև ազգային անվտանգության համատեքստում։
Նրա հայտարարությունը հնչել է Բելֆաստում տեղի ունեցած անկարգությունների հետնապատկերին, որոնք, ըստ հաղորդումների, ուղղված են եղել օտարերկրացիների դեմ։
Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Հոլը նշել է, որ եթե առանձին երկրների ներկայացուցիչներն ավելի մեծ հավանականությամբ ներգրավվում են ծանր հանցագործությունների կամ պետությանը սպառնալիք ներկայացնող գործունեության մեջ, ուրեմն այդ գործոնը պետք է հաշվի առնվի միգրացիոն քաղաքականության ձևավորման ժամանակ։
«Ըստ իս, միանգամայն անհրաժեշտ է ներգաղթը քննարկել ազգային անվտանգության համատեքստում»,- ասել է նա՝ հավելելով, որ նմանատիպ մոտեցումներ արդեն իսկ բարձրացվել են ԱՄՆ-ում, սակայն Մեծ Բրիտանիայում, նրա կարծիքով, այդ թեման դեռևս մնում է ոչ բավարար քննարկված։
Source: https://news.am/hy/news/1042600