ԱՄՆ Կոնգրեսը ընդհուպ մոտեցել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ մղվող պատերազմը դադարեցնելու օգտին քվեարկելուն, գրում է Foreign Policy-ն։

«Եթե այս մեծապես խորհրդանշական գործողությունը տեղի ունենա, այն կարևոր ազդակ կհղի Սպիտակ տանը, Թեհրանին և ամբողջ աշխարհին այն մասին, որ ամերիկյան օրենսդիրների հավատը Թրամփի՝ այս պատերազմը հաջողությամբ վարելու կարողության հանդեպ թուլանում է։ Սակայն փորձագետները զգուշացնում են՝ դա կարող է նաև դրդել Իրանի իշխանություններին այն եզրակացության, որ իրենք կարող են պարզապես սպասել մինչև Թրամփի վարչակազմի հեռանալը և խուսափել խաղաղության բանակցություններում որևէ նշանակալի զիջումներից։

Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատն արդեն այսօր կքվեարկի համատեղ բանաձևի (concurrent resolution) օգտին, որը պարտավորեցնում է նախագահին դուրս բերել ամերիկյան զորքերը Իրանի հետ հակամարտության գոտուց։ Այս տեսակի համատեղ բանաձևը, ի տարբերություն սովորականի, չի ուղարկվում նախագահին՝ ստորագրման, և դրա վրա հնարավոր չէ վետո դնել։ ԱՄՆ Գերագույն դատարանն ավելի վաղ վճռել է, որ նման միջոցները չունեն իրավաբանական ուժ, քանի որ փաստացիորեն իրենցից ներկայացնում են «օրենսդրական վետո»։

Միևնույն ժամանակ, Սենատում առաջ է մղվում իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող սովորական բանաձև՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին։ Սակայն նախագահը կարող է վետո դնել դրա վրա, իսկ Կապիտոլիումում տիրող խոր բևեռացման պայմաններում հակապատերազմական օրենսդիրները երկու պալատներում էլ չունեն այն բացարձակ մեծամասնությունը, որն անհրաժեշտ է նախագահական վետոն հաղթահարելու համար։

Ընդսմին, վերլուծաբանների կարծիքով, իրանական պատերազմի դադարեցման օգտին քվեարկությունը ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում (որտեղ այժմ գերիշխում են հանրապետականները), միևնույն է, հզոր ազդակ կծառայի ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։

«Նման քվեարկությունը կարող է ցուցիչ դառնալ այն բանի, որ հանրային աջակցությունը սպառվում է, ինչը նշանակում է, որ [Իրանի կառավարության] որոշ ռազմավարական հաշվարկներ արդյունավետորեն աշխատել են,- կարծում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի ղեկավար Ռեզա Հ. Աքբարին։- Ի վերջո, մենք հասկանում ենք, որ նախագահն օժտված է հսկայական իշխանությամբ, բայց այս քայլը հստակորեն կգծի տվյալ պահին հետագա լարվածության մեծացման հարցում Միացյալ Նահանգների պատրաստակամության սահմանները»։

Կոնգրեսի երկու պալատներում էլ դեռ անցյալ ամիս նկատվել են հանրապետականների շրջանում պատերազմին աջակցության թուլացման նշաններ։

Սենատում բավարար թվով հանրապետական օրենսդիրներ խախտեցին կուսակցական կարգապահությունը և դեմոկրատների հետ միասին քվեարկեցին (50 կողմ, 47 դեմ) առանցքային ընթացակարգային հարցի շուրջ, ինչը թույլ տվեց ընդհանուր քննարկման ներկայացնել Իրանի դեմ մարտական գործողությունների գոտուց ամերիկյան զինվորականների դուրսբերման մասին բանաձևը։ Դրանից հետո Ներկայացուցիչների պալատի հանրապետականները չեղարկեցին նմանատիպ համատեղ բանաձևի շուրջ նախատեսված քվեարկությունը, երբ ակնհայտ դարձավ, որ այն, ամենայն հավանականությամբ, կընդունվի։ Պատերազմական լիազորությունների վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում նախորդ երեք քվեարկությունները հաջողությամբ չէին պսակվել (վերջինն ավարտվել էր ձայների հավասարությամբ), սակայն այժմ դեմոկրատները վստահ են, որ ընդունման համար ձայները բավարար են։

«ՍԴա նշան է այն բանի, որ Կոնգրեսը վերջապես հասնում է ամերիկյան հասարակական կարծիքին, որն ի սկզբանե հենց այդպես էր տրամադրված, — նշել է Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում դեմոկրատների աշխատակազմի նախկին ղեկավար Դեմիան Մըրֆին։- Կարծում եմ՝ սա կարևոր ազդակ կդառնա միջազգային հանրության համար»։

Սենատում բանաձևի ընդունման քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։ Կընդունվի՞ այն, թե՞ ոչ՝ դեռևս անհայտ է, քանի որ անցյալ ամսվա հաջող քվեարկության ժամանակ երեք հանրապետական սենատորների բացակայությունը կարող է երկրորդ անգամ չկրկնվել։ Ձայների հավասար բաշխման դեպքում ոչ-ոքին հաղթահարելու համար կարող է կանչվել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Վերջինս, որն, ինչպես ընդունված է համարել, ավելի քիչ է աջակցում Իրանի հետ պատերազմի շարունակմանը, քան Թրամփի վարչակազմի մյուս՝ ավելի կոշտ անդամները։ Ըստ Մըրֆիի՝ դա կարող է Վենսին դնել «բարդ» դրության մեջ՝ ստիպելով նրան պաշտպանել պատերազմի երկարաձգման օգտին քվեարկությունը՝ 2028 թվականին որպես Թրամփի իրավահաջորդ նրա ակնկալվող նախագահական առաջադրման ֆոնին։

Դեմոկրատ սենատոր, բանաձևի հեղինակ Թիմ Քեյնը երեքշաբթի լրագրողներին հայտարարել է, որ Թրամփը չի կարողանա անտեսել այս քաղաքական ազդակը, և Կոնգրեսը պատրաստվում է ստիպել նրան «դեպի լարվածության թուլացում տանող ուղի գտնել» Իրանի դեմ պատերազմում։

Եվ նույնիսկ եթե հաջորդ շաբաթ Սենատը լիովին պատրաստ չլինի քվեարկել պատերազմի դադարեցման օգտին, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջիկա օրերին և շաբաթներին հանրապետական «փախստականների» (կուսակցական գիծը խախտողների) թիվը կաճի։ Հատկապես, եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև քաոսային բանակցությունները շարունակեն դոփել տեղում՝ առանց կարգավորման որևէ տեսանելի հեռանկարի։

Ամերիկացի սպառողների և արտասահմանյան դաշնակիցների համար պատերազմի էներգետիկ ու տնտեսական ծախսերը շարունակում են աճել, իսկ հանրային աջակցությունը ինչպես բուն պատերազմին, այնպես էլ ընդհանուր առմամբ Թրամփի քաղաքականությանը, արագորեն անկում է ապրում ընտրողների առանցքային խմբերի շրջանում։ Նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից ընդամենը հինգ ամիս առաջ դա հսկայական խնդիր է դառնում հանրապետականների համար. մի խնդիր, որը դեմոկրատները ձգտում են առավելագույնս օգտագործել։

«Ամբողջ երկիրը քարացել է սպասումով՝ թե երբ է ձեռք բերվելու համաձայնությունը: Չէ՞ որ ակնհայտ է՝ քանի դեռ համաձայնություն չկա, Հորմուզի նեղուցը մնում է փակ, — երեքշաբթի Սենատում անցկացված լսումների ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հայտարարել է դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին:- Վարչակազմից ստացվող տեղեկությունը, հատկապես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, լիովին խառն է ու շփոթեցնող. մեզ ազդակներ են հղում, որ գործարքն անխուսափելի է, իսկ երեկ նախագահը հայտարարեց, որ ինքը ձանձրացել է այդ բանակցություններից և իրեն միևնույն է՝ գործարք կկնքվի՞, թե՞ ոչ»:

Թրամփը ևս վերջերս հայտարարել էր, որ Իրանն, իր կարծիքով, միտումնավոր ձգձգում է խաղաղության բանակցությունները՝ հուսալով, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունները Սպիտակ տանը կստիպեն զիջումների գնալ առանցքային պահանջների հարցում:

Աքբարին կարծում է, որ Կոնգրեսում պատերազմի դադարեցման օգտին քվեարկությունը Թեհրանում, ամենայն հավանականությամբ, կընկալվի որպես «լակմուսի թուղթ»: Դա կարող է ամրապնդել իրանական ռեժիմի ներսում բանակցությունների օգտին հանդես եկող չափավոր խմբակցության դիրքերը՝ ի հակակշիռ ուլտրաարմատականների, որոնք պահանջում են շարունակել տարածաշրջանային հարվածները ամերիկյան զինվորականների, Իսրայելի և Պարսից ծոցի գործընկերների ուղղությամբ:

«Դա կարող է ուժեղացնել երկրի ներսում այն քաղաքական խմբին, որը երկար ժամանակ պայքարում էր դիվանագիտության և բանակցությունների համար,- նշել է Աքբարին: -Իրանական քաղաքական դաշտում նույնպես թեժ բանավեճեր են ընթանում այն մասին, որ մեզ, հնարավոր է, ճգնաժամից դուրս գալու ելք է պետք… Այնտեղ կա մի խմբավորում, որը շատ ջանասիրաբար փորձում է առաջարկել լարվածության թուլացման տարբերակներ»։

Ընդսմին, չպետք է հուսալ, որ լարվածության թուլացման վերաբերյալ իրանական առաջարկները կներառեն մեծ և անդառնալի զիջումներ այնպիսի հարցերում, որոնք Իրանը համարում է իր արտաքին քաղաքականության հիմնարար սյուները: Պատմականորեն դրանց թվին են դասվում միջուկային և հրթիռային ծրագրերը, տարածաշրջանային պրոքսի-խմբավորումների աջակցությունը, իսկ վերջին շրջանում՝ նաև Հորմուզի նեղուցը փակելու սեփական կարողության ուղղակի ցուցադրումը:

«Թեհրանում կան մարդիկ, և նրանք մեծամասնություն են կազմում, որոնք կարծում են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, որ ամերիկացիները չեն գնա ներխուժման և չեն օկուպացնի երկիրը,- ասում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի (MEI) ավագ գիտաշխատող Ալեքս Վատանկան: - Առավելագույնը, ինչին նրանք [ԱՄՆ-ն] կդիմեն, Իրանին հասցվելիք հարվածների հերթական շարքն է, բայց դա չի հանգեցնի ռեժիմի տապալմանը: Այդ դեպքում ինչո՞ւ Ամերիկային տալ այն, ինչ նա ուզում է»։

Source: https://news.am/hy/news/1040698