Մոսկվայի դատարանը պարտավորեցրել է մարքեթփլեյսին վերադարձնել 139 հազար ռուբլին այն կնոջը, որի մեկուկես տարեկան դուստրը հավելվածում պատահմամբ պատվիրել էր 102 ապրանք, ասվում է դատարանի նյութերում, որոնք գտնվում են РИА Новости-ի տրամադրության տակ։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ վճռաբեկ դատարանը նոր քննության էր ուղարկել մոսկվաբնակ կնոջ գործը, որի անչափահաս դուստրը հավելվածում պատահմամբ սեղմել էր պատվերի ձևակերպման կոճակը։ Ընդհանուր առմամբ զամբյուղում եղել էր 102 ապրանք։

Կինը փորձել էր չեղարկել պատվերը, սակայն նրան մերժել էին, քանի որ ապրանքն անմիջապես փոխանցվել էր հավաքման և առաքման։ Առաքված ապրանքի պահպանման ժամկետի ավարտից հետո մարքեթփլեյսը նրա քարտից դուրս էր գրել գումարը և անձնական հաշվեհամարում սահմանել բացասական մնացորդ։

Մի քանի տարի ձգված վեճն ավարտվել է կնոջ օգտին․ դատարանը անօրինական է ճանաչել սխալմամբ կատարված պատվերը չեղարկելու մերժումը մինչև ապրանքի՝ հանձնման կետ հասնելը։ Մարքեթփլեյսից բռնագանձվել են ծախսված միջոցները, բարոյական վնասի փոխհատուցումը, տուգանքը և նոտարական ծախսերը։

Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ 102 ապրանքի ընդհանուր արժեքը կազմել է 139 հազար ռուբլի։

Դատարանն ընդգծել է, որ հայցվորուհին պատվերը ձևակերպելուց անմիջապես հետո իրացրել է պայմանագրի կատարումից հրաժարվելու իրավունքը, իսկ մարքեթփլեյսը, խախտելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը, նրան մերժել է։ Որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել։

Source: https://news.am/hy/news/1041621