Հունաստանի ոստիկանությունը հայտնել է Պաղեստինի 37-ամյա քաղաքացու ձերբակալության մասին, որին կասկածում են ՀԱՄԱՍ-ի հետ կապերի և ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ, հայտնում է AFP-ն։
Տղամարդը ձերբակալվել է շաբաթ օրը Կրետե կղզում, որտեղ աշխատում էր հյուրանոցներից մեկում։
Ոստիկանության տվյալներով, ներկայումս առկա տեղեկատվությունը մատնանշում է նրա կապը այն անձանց հետ, որոնք վերջերս ձերբակալվել էին Կիպրոսում ահաբեկչության հետ կապված գործերով։
Իրավապահ մարմինների հայտարարության մեջ նաև նշվում է, որ կասկածյալը ենթադրաբար ՀԱՄԱՍ-ի կազմակերպած պատրաստություն է անցել։
Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ հնարավոր թիրախներից մեկը կարող էր լինել իսրայելական զբոսաշրջային նավը, որը պետք է երեքշաբթի ժամանի Կրետե։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում առայժմ չկա։
ERT պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ տղամարդը բնակարան էր վարձել Աթենքի կենտրոնում։ Խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է լաբորատոր սարքավորումներ և քիմիական նյութեր, որոնք, հեռուստաընկերության տվյալներով, կարող են օգտագործվել պայթուցիկ սարք պատրաստելու համար։
Source: https://news.am/hy/news/1041659