Ավելի քան 1,2 միլիոն մարդ կիրակի օրը հավաքվել էր Մադրիդի փողոցներում՝ մասնակցելու բացօթյա պատարագին, որը գլխավորում էր Հռոմի Պապ Լևոն XIV-ը, հայտնում է Reuters-ը:
Վատիկանի և կազմակերպիչների տվյալներով, այս միջոցառումը դարձել է նրա Իսպանիա կատարած մեկշաբաթյա այցի ամենախոշոր իրադարձությունը։
Հավատացյալները լցրել էին Սիբելեսի հրապարակը և հարակից փողոցները՝ դիմավորելով պոնտիֆիկոսին «Կեցցե՛ Պապը» բացականչություններով և ծածանելով դրոշներ։
Երբ Լևոն XIV-ը պապամոբիլով հասավ հրապարակ, որոշ մասնակիցներ նրա վրա ծաղկաթերթեր շաղ տվեցին։
Իր քարոզում պոնտիֆիկոսը կաթոլիկներին կոչ արեց հավատքն արտահայտել կարիքավորներին օգնելով։ Նա ընդգծեց, որ Աստված «նույնացնում է իրեն աղքատների, ճնշվածների, միայնակ և լքված մարդկանց հետ»։
Ավելի վաղ Հռոմի պապը հույս էր հայտնել, որ Մադրիդը կմնա «հյուրընկալ և ներառական քաղաք, որտեղ հասարակական կյանքը ներշնչվում է իսկական մարդկային արժեքներով»։
Այս խոսքերը նա թողել էր պատվավոր հյուրերի գրքում՝ նրան քաղաքի խորհրդանշական բանալին հանձնելուց հետո։
Լևոն XIV-ի այցն Իսպանիա սկսվել էր շաբաթ օրը՝ միգրանտների և անօթևանների հետ հանդիպումներով, ինչպես նաև աղոթական հսկմամբ, որին մասնակցել էր մոտ 600 հազար երիտասարդ։
Հունիսի 6-ից 12-ը ընթացող այցի ծրագրում ներառված են նաև Բարսելոնա և Կանարյան կղզիներ այցելությունները, որտեղ պոնտիֆիկոսը կհանդիպի Արևմտյան Աֆրիկայից ժամանած միգրանտների հետ։
Հռոմի Պապը հայտարարել է, որ հույս ունի այս այցը դարձնել «յուրաքանչյուր մարդու» նկատմամբ հարգանքի օրինակ և կոչ է արել համաշխարհային առաջնորդներին հրաժարվել հասարակությունները պառակտող քաղաքականությունից։
Source: https://news.am/hy/news/1041664