ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի խոստովանել է, որ իրանական կողմը «դեռևս մեծ քանակությամբ անօդաչու սարքեր ունի», սակայն նշել է, որ այդ տեխնոլոգիայի էժանությունը դրան հակազդելը դարձնում է առանձնապես բարդ խնդիր։

«Դա համատարած խնդիր է ամբողջ աշխարհում։ Այդ հարցի տնտեսական կողմը մի բան է, որը մենք դեռ պետք է լուծենք, սակայն, այդուհանդերձ, նույնիսկ անօդաչուների արտադրության Իրանի հնարավորություններն արդեն խարխլվել են»,- հայտարարել է Ռուբիոն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին։

Ամերիկացի գլխավոր դիվանագետն օգտագործել է իր հրապարակային ելույթը՝ ընդգծելու համար, որ փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկսած պատերազմի ընթացքում ամերիկյան ուժերին հաջողվել է զգալիորեն թուլացնել Թեհրանի ռազմական ենթակառուցվածքները։

Ռուբիոյի խոսքով՝ Իրանի այսպես կոչված «կոնվենցիոնալ վահանը»՝ հրթիռների և անօդաչուների օգտագործումը միջուկային ծրագիրը պաշտպանելու համար, զգալիորեն թուլացել է։ «Այն, ինչ մնացել է իրանական նավատորմից, գնդացիրներով հագեցած Boston Whaler մոտորանավակների խումբ է»,- հայտարարել է Ռուբիոն։

Նա հավելել է նաև, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումն Իրանին ամեն օր զրկում է «հարյուր միլիոնավոր դոլարների» պոտենցիալ եկամուտներից։

Source: https://news.am/hy/news/1040368