Ավելի քան 15 տարի Քսավյե Դյուպոն դե Լիգոնեսի ճակատագիրը մնում է Ֆրանսիայի գլխավոր առեղծվածներից մեկը։ 50-ամյա տղամարդը կասկածվում է իր ամբողջ ընտանիքին սպանելու և մարմինները տան տակ թաղելու ու բետոնապատելու, որից հետո փախուստի դիմելու մեջ։ Այժմ քիչ հայտնի մի ինտերնետային օգտահաշվի հայտնաբերումը, որը, ենթադրաբար, ակտիվ է եղել նրա անհետացումից մի քանի տարի անց, կրկին խոսակցությունների տեղիք է տվել, որ Ֆրանսիայի ամենափնտրվող մարդը հնարավոր է դեռ ողջ է, հայտնում է France 24-ը։
Առաջին հայացքից Դյուպոն դե Լիգոնես ընտանիքը սովորական կյանքով էր ապրում Ֆրանսիայի արևմտյան Նանտ քաղաքի արվարձանում։ Հարևանները Քսավյեին նկարագրում էին որպես «քաղաքավարի և աննկատ» մարդու։ Նա զբաղվում էր բիզնեսով՝ վաճառում էր գովազդային տարածքներ և զբոսաշրջային տեղեկատուներ։ Նրա կինը՝ Ագնեսը, օգնական դպրոցում էր աշխատում և կրոն էր դասավանդում։ Նրանց երեխաները՝ 13-ամյա Բենուան, 16-ամյա Աննան, 18-ամյա Թոմասը և 20-ամյա Արթուրը, սովորում էին դպրոցում։
Սակայն 2011 թվականի ապրիլի 21-ին ոստիկանությունը, ընկերների և հարազատների անհանգստացնող ահազանգերից հետո գալով տուն, սահմռկեցուցիչ բացահայտում արեց. Ագնեսի և չորս երեխաների, ինչպես նաև ընտանիքի երկու լաբրադորների մարմինները թաղված էին պատշգամբի տակ։
Մարմինները պատված էին չհանգած կրով, որն արագացնում է քայքայումը, փաթաթված էին պարկացու կտորով և ծածկված թարմ բետոնե սալով։ Դիահերձումը ցույց տվեց, որ նրանց բոլորին նախապես քնեցրել էին և կրակել գլխին։ Հայտնաբերման պահին նրանք մահացած էին արդեն ավելի քան երկու շաբաթ։
Սակայն ընտանիքի անդամներից մեկը՝ ինքը՝ Քսավյե Դյուպոն դե Լիգոնեսը բացակայում էր։
Նա անմիջապես դարձավ գլխավոր կասկածյալը։ Մասնավորապես, նա էր ժառանգել սպանությունների համար օգտագործված զենքը, ինչպես նաև, ըստ քննության տվյալների, գնել էր մարմինները թաղելու համար օգտագործված նյութերը։
Կասկածներն ուժեղացան այն բանից հետո, երբ հարազատները տարօրինակ նամակ ստացան՝ թվագրված սպանությունից մի քանի օր անց։ Դրանում Քսավյեն պնդում էր, թե ինքն իբր ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գաղտնի գործակալ է, սակայն իր ինքնությունը բացահայտվել է։ Ընտանիքն իբր ստիպված է եղել թաքնվել «տաք տեղում» և նոր ինքնություն ստանալ։
Նա գրում էր, որ իրենք չեն կարողանա կապ հաստատել մի քանի տարի։ Միաժամանակ ցուցումներ էր տալիս ընտանիքի գույքի վերաբերյալ. իրերի մի մասը պետք է վաճառվեր, իսկ գումարը փոխանցվեր իր քրոջը։
Դպրոցները և գործատուները նույնպես հաղորդագրություններ էին ստացել «հիվանդության», «տեղափոխվելու» և «արտերկրում նոր կյանք սկսելու» մասին։
Քննությունը պարզել է, որ նա մոտ 17 օր ժամանակ է ունեցել՝ մինչև հանցագործության բացահայտումը։ Տեսախցիկների և դրամական փոխանցումների տվյալների շնորհիվ հաջողվել է մասնակիորեն վերականգնել նրա անցած ճանապարհը։
Վերջին անգամ նրան, ենթադրաբար, տեսել են 2011 թվականի ապրիլի 15-ին Ռոկբրյուն-սյուր-Արժանսի հյուրանոցներից մեկի տեսախցիկների միջոցով։ Նա դուրս է եկել ավտոկայանատեղիից և թողել ավտոմեքենան։ Դրանից հետո նա անհետ կորել է։
Այդ ժամանակից ի վեր այս գործն առ այսօր Ֆրանսիայի ամենաքննարկվող առեղծվածներից մեկն է։ Ոմանք կարծում են, որ նա ինքնասպան է եղել, մյուսները համոզված են, որ նա ողջ է։ Ֆրանսերենում նույնիսկ հայտնվել է «դյուպոն դե լիգոնես անել» արտահայտությունը, որը նշանակում է անհետ կորել։
Այս տարվա սկզբին հետաքննությունը նախկին քննիչին նույնիսկ տարել էր Բրյուստեր շրջան (Թեքսաս, ԱՄՆ), որտեղ կասկածյալը իբր հետաքրքրություն էր ցուցաբերել այդ տարածաշրջանի նկատմամբ։ Դրանից հետո տեղի շերիֆը հաղորդումներ էր ստացել ականատեսներից, որոնք պնդում էին, որ 2020 թվականին տեսել են նման մի մարդու։
Նոր շրջադարձ տեղի ունեցավ Ouest-France թերթի հետաքննությունից հետո։ Լրագրողները հաստատել են ակտիվությունը cite-catholique.com կաթոլիկ ֆորումում, որտեղ Դյուպոն դե Լիգոնեսը նախկինում հրապարակումներ էր անում երկու օգտահաշվով։
Այժմ հայտնաբերվել է երրորդ օգտահաշիվը, որը, ենթադրաբար, ակտիվ է եղել մինչև 2017 թվականը՝ սպանություններից վեց տարի անց։
Ոճաբանության փորձագետները նշել են «զարմանալի նմանություն» գրելաոճի, կետադրության և քննարկվող թեմաների մեջ։ Բացի դրանից, օգտահաշիվը փոխգործակցել է միևնույն օգտատերերի հետ և կրկնել նույն աստվածաբանական փաստարկները, ինչ նախկինում արել է կասկածյալը։
Այնուամենայնիվ, մասնագետներն ընդգծում են. դա ապացույց չէ, այլ միայն անուղղակի նշանների համախումբ, որը ստուգման կարիք ունի։
Ֆրանսիական M6 հեռուստաալիքը պատրաստում է գործին նվիրված հաղորդաշարի հատուկ թողարկում, որտեղ կներկայացվի «հնարավոր թարմ տեղեկություններ նրա ողջ լինելու մասին»։ Հաղորդավարը նախկին քննիչն է, որն ավելի վաղ մեկնել էր ԱՄՆ։
2011 թվականից ի վեր ոստիկանությունը ստացել է ավելի քան 1850 հաղորդում և հետք այս գործով, սակայն դրանցից ոչ մեկը չի հանգեցրել վերջնական արդյունքի։
Source: https://news.am/hy/news/1040430
World
Տասնհինգ տարի անց Դյուպոն դե Լիգոնեսի գործը շարունակում է հետապնդել Ֆրանսիային
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։