Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) նախազգուշացրել է Էլ Նինյոյի հավանական չափավոր կամ նույնիսկ ուժեղ ձևավորման մասին, որը առաջիկա ամիսներին կարող է հանգեցնել գլոբալ ջերմաստիճանի բարձրացման և էքստրեմալ եղանակային երևույթների ռիսկի մեծացման։

Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան հատվածներում ջրի մակերևութային շերտի պարբերական տաքացումն է, որը սովորաբար տևում է 9-ից 12 ամիս, ասվում է ՀՕԿ հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունը հայտարարել է, որ օվկիանոսի տաք ջրերը նպաստում են այս երևույթի զարգացմանը, և կանխատեսում է նորմայից բարձր ջերմաստիճան աշխարհի մեծ մասում՝ հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Ըստ կազմակերպության գնահատականի՝ Էլ Նինյոն, ամենայն հավանականությամբ, կպահպանվի մինչև նոյեմբեր։

Միևնույն ժամանակ, փորձագետներն ընդգծում են, որ դեռևս պարզ չէ, թե որքան ուժեղ կլինի երևույթը, քանի որ մոդելները տարբեր գնահատականներ են տալիս դրա ինտենսիվության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, իշխանությունները զգուշացնում են պատրաստվելու անհրաժեշտության մասին։

«Մենք պետք է պատրաստ լինենք պոտենցիալ ուժեղ Էլ Նինյոյին, որը կուժեղացնի երաշտներն ու տեղումների առատությունը, ինչպես նաև կմեծացնի շոգի ալիքների ռիսկը ինչպես ցամաքում, այնպես էլ օվկիանոսում»,- հայտարարել է ՀՕԿ գլխավոր քարտուղար Սելեստա Սաուլոն։

Այս եղանակային համակարգը հայտնի է նրանով, որ խախտում է տարածաշրջանային կլիմայական ռեժիմները. այն կարող է ավելի տաք եղանակ բերել գլոբալ մասշտաբով, մեծացնել տեղումները Հարավային Ամերիկայի հարավային մասերում և ԱՄՆ-ում, Աֆրիկյան եղջյուրի որոշ շրջաններում և Կենտրոնական Ասիայում։

Միևնույն ժամանակ, Էլ Նինյոն կարող է երաշտներ առաջացնել Ավստրալիայում, Կենտրոնական Ամերիկայում, Ինդոնեզիայում և Հարավային Ասիայի որոշ հատվածներում, ինչպես նաև ուժեղացնել փոթորիկների ձևավորումը Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան հատվածներում։

Ըստ ՀՕԿ-ի՝ 2023-2024 թվականների վերջին ուժեղ Էլ Նինյոն նպաստեց, որ 2024 թվականը դառնա դիտարկումների անբողջ պատմության ընթացքում ամենատաք տարին։

Սաուլոն նաև նշել է, որ ռիսկերը ներառում են միջատների (օրինակ՝ մոծակների և տիզերի) միջոցով փոխանցվող հիվանդությունների ավելի լայն տարածումը, ինչպես նաև պարենի և ջրի պաշարների կրճատումը։

Source: https://news.am/hy/news/1040417