Իրանի զինված ուժերը պատրաստված են ավելի լավ, քան երբևէ, գտնվում են լիակատար մարտական պատրաստության վիճակում և կարող են դիմակայել ցանկացած հետագա սցենարի։ Հակառակորդի կողմից ռազմական ագրեսիային վերադառնալու ցանկացած փորձ կբախվի սկզբունքորեն այլ օպերատիվ մոտեցումների։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին, հայտնում է Fars News-ը։

Գեներալի խոսքով՝ Իսլամական Հանրապետության դիրքերի ամրապնդումը ինչպես առկա պաշտպանական կարողությունների մեծացման արդյունք է, այնպես էլ հակառակորդի հետ ուղղակի բախման ընթացքում ձեռք բերված փորձի։

«Եթե հակառակորդը որոշի վերադառնալ մարտի դաշտ, մեր գործողությունների բնույթը, ռազմական գործողությունների թատերաբեմի աշխարհագրությունը և նույնիսկ կիրառվող զինատեսակները լիովին այլ կլինեն։ ԻՀՊԿ-ն լիովին պատրաստ է իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր սցենարներին»,- ընդգծել է Մոհեբբին։

«Մարտական պոտենցիալն աճել է զինադադարի ընթացքում»

ԻՀՊԿ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Իրանն արդյունավետորեն օգտագործել է հրադադարի շրջանը ենթակառուցվածքների վերականգնման և մարտունակության որակական բարձրացման համար։

«Իրականությունն այն է, որ զինադադարի ընթացքում մեր ռազմական և օպերատիվ հնարավորությունները միայն ավելացել են»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ եթե նախկինում Իրանը հիմնվում էր գլխավորապես հետախուզական տվյալների և լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա, ապա այժմ այդ տեղեկությունները համալրվել են իրական մարտական փորձով։ Իրանական հրամանատարությունը ճշգրիտ տվյալներ է ստացել ընդդիմախոսների ռազմական ռեսուրսների, նրանց հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի, օպերատիվ բազաների և մարտավարության վերաբերյալ։

«Այսօր մեր պատկերացումը հակառակորդի, նրա հարձակողական ու պաշտպանական սպառազինության, ապատեղեկատվության մեթոդների և գործողությունների բնույթի մասին դարձել է շատ ավելի հստակ ու պարզ, քան երբևէ»,- փաստել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչը։

Մոհեբբին կատեգորիկ կերպով հերքել է Արևմուտքի հայտարարություններն այն մասին, թե հակամարտության ընթացքում Իրանի ռազմական պոտենցիալը խարխլվել է՝ ընդգծելով, որ երկրի մարտունակությունը լիովին պահպանված է. «Ի հեճուկս տարածվող հայտարարությունների՝ ո՛չ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերն են ոչնչացվել, և ո՛չ էլ նրա օպերատիվ-մարտավարական հնարավորություններն են նվազել»։

Ի վերջո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչը մատնանշել է, որ Վաշինգտոնը չի կարող ազդել տարածաշրջանում Թեհրանի դիրքերի վրա։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, չնայած ահռելի ռազմական ռեսուրսների գործադրմանը, այդպես էլ չկարողացավ խաթարել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը։

Մոհեբբին ընդգծել է, որ այդ ռազմավարական ջրային զարկերակի նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը մնում է անսասան՝ Հորմուզի նեղուցի անդադար վերահսկողությունը անվանելով ԻՀՊԿ հզորության գլխավոր խորհրդանիշը։

Source: https://news.am/hy/news/1040305