Հորմուզի նեղուցով անցնող նավերը նոր ներդրված ծովային ծառայությունների համակարգի շրջանակում միջինում վճարում են 1,5-ից 2 մլն դոլար, հայտարարել է Իրանի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովի անդամ Մոհսեն Զանգանեն, տեղեկացնում է Fars գործակալությունը։

Ըստ նրա, մեխանիզմն իրականացվում է այն կառույցի կողմից, որը ստեղծվել է Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ և գործում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի վերահսկողության ներքո։

Հաշվետվության տվյալների համաձայն, ոչ բոլոր վճարումներն են իրականացվում դրամական ձևով. հաշվարկների մի մասը կատարվում է ապրանքների, ծառայությունների, կրիպտոարժույթների (մասնավորապես՝ Tether) միջոցով, ինչպես նաև բարտերային սխեմաներով։

Հավաքագրված միջոցներն ուղղվում են պետական գանձարան և ծախսվում երկրի բյուջեին համապատասխան։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին նորմատիվային բազայի մշակման մասին, որը նախատեսում է նավերից վճար գանձել ծովային անվտանգության և բնապահպանական ուղեկցման ծառայությունների համար նեղուցով անցնելիս։

Տնտեսական վերլուծաբանների գնահատմամբ, տրանզիտային վճարներից հնարավոր տարեկան եկամուտը կարող է հասնել մոտ 7,5 մլրդ դոլարի, սակայն Հորմուզի նեղուցի առանցքային նշանակությունը պայմանավորված է ոչ թե եկամուտներով, այլ դրա ռազմավարական դերով։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, որոնց հղում է անում հաշվետվությունը, նեղուցի ամբողջական փակումը կարող է համաշխարհային շուկայից դուրս բերել օրական մոտ 16 մլն բարել նավթ։

Source: https://news.am/hy/news/1041816