Վիրջինիայի դաշնային դատավորը կարգադրել է ԿՀՎ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դեվիդ Ռաշին թողնել կալանքի տակ մինչև դատավարության մեկնարկը, հայտնում է NBC News-ը։ Նա մեղադրվում է պետական միջոցների խոշոր չափերի հափշտակության և լայնամասշտաբ կեղծարարության մեջ, որոնք բացահայտվել են ՀԴԲ-ի իրականացրած ծավալուն խուզարկության արդյունքում։

49-ամյա Դեվիդ Ռաշը ձերբակալվել է, երբ ՀԴԲ գործակալները խուզարկություն են անցկացրել Վիրջինիայում գտնվող նրա տանը և հայտնաբերել շուրջ 303 ոսկու ձուլակտոր՝ մոտ 40 միլիոն դոլար շուկայական արժողությամբ, ինչպես նաև 2 միլիոն դոլար կանխիկ դրամ և ավելի քան ձեռքի 30 թանկարժեք ժամացույց։

Քննության տվյալներով՝ նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում Ռաշը, քողարկվելով ծառայողական նպատակներով, ԿՀՎ-ից պահանջել և ստացել է խոշոր չափի արտարժույթ և ոսկի։

Մեղադրյալի պաշտպանական կողմը փորձում է մեղմել իրավիճակը՝ հայտարարելով, որ խոսքը վերաբերում է ընդամենը աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրին առնչվող 65 հազար դոլարի խարդախությանը, սակայն դատախազները Ռաշին անվանում են «մանիպուլյացիաների վարպետ», որը գրեթե 20 տարի խաբել է պետությանը։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ռաշը, որը ԿՀՎ-ում աշխատել է շուրջ 17 տարի և ունեցել է գաղտնիության ամենաբարձր մակարդակի թույլտվություն, ամբողջությամբ կեղծել է իր կենսագրությունը։ Պաշտոններ ստանալու համար նա հորինել է Քլեմսոնի համալսարանի և Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի դիպլոմներ, ինչպես նաև պնդել է, թե ԱՄՆ ռազմածովային ուժերի մարտական օդաչու և նավատորմի ռեզերվի անդամ է եղել։ Ստուգումը ցույց է տվել, որ նա նույնիսկ քաղաքացիական օդաչուի տարրական արտոնագիր չունի։

Մինչև իր ձերբակալությունը Ռաշը զբաղեցնում էր ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առընթեր ԿՀՎ կապի սպայի ռազմավարական պաշտոնը՝ համակարգելով ատոմային սուզանավերի ստեղծման գերզգայուն ծրագիրը։

Լրագրողները նրա կարիերայի վերելքը կապում են պաշտպանության նախարարի տեղակալ Սթիվ Ֆայնբերգի հովանավորության հետ, որը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավների խոշոր հովանավորներից է, թեև Պենտագոնը կատեգորիկ կերպով հերքում է այդ կապերը։ Աղմկահարույց սկանդալն արդեն հանգեցրել է ԿՀՎ մի քանի բարձրաստիճան ղեկավարների պաշտոնանկության և Վաշինգտոնում սուր հարցադրումներ առաջացրել ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաների ստուգման որակի վերաբերյալ։

Source: https://news.am/hy/news/1041287