Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է երկրի բացառապես խաղաղ ձգտումները։ Դրա մասին նա հայտարարել է Գրոդնոյի մարզային կլինիկական հիվանդանոցի բացման արարողության ժամանակ, հաղորդում է БЕЛТА-ն։

«Ես ուզում եմ, որ շինարարները կառուցեն, այլ ոչ թե ձեռքներում գնդացիր կամ ավտոմատ պահեն։ Դրա համար մի՛ հավատացեք ոչ մեկին, թե մենք ինչ-որ պատերազմ ենք ուզում»,- ասել է նա։

Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել աշխարհում և Բելառուսի շուրջ տիրող բարդ, լարված իրավիճակին, որը, չնայած տեղի ունեցող իրադարձություններին, մնում է խաղաղ ու հանգիստ երկիր։

«Ես նայում ու մտածում եմ միայն մեկ բանի մասին՝ ինչպես այս ամենը պահպանել։ Ինչպես անել, որ այստեղ թշնամու մռութը, կներեք ինձ, չխցկվի և այս ամենը փշուր-փշուր չանի, ջարդուխուրդ չանի»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Առավել ևս կարդում եմ մեր հետախույզների զեկույցները։ Զեկուցում են՝ մեր փախստականները գնացել են… բառացի մեջբերում՝ ուկրաինացիներին հայտարարել են. «Մենք ձեզ առաջարկելու բան ունենք՝ դա մեր բելառուսներն են»։ Այսինքն՝ մենք ի՞նչ է, պետք է գնանք օտարի կամքի համար պատերազմե՞նք Ուկրաինայում։ Մենք ի՞նչ է, ուզում ենք այնտեղ թնդանոթի մի՞ս դառնալ, ինչպես զինվորականներն են ասում։ Ո՛չ։ Մենք դա չենք ուզում»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

«Մեզ պետք է պահպանել մեր երկիրը,- ասել է նա։- Պահպանել այն, ինչ ես ու դուք ստեղծել ենք վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։ Մեծահասակ մարդիկ ինձ հասկանում են։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաները, թոռները սեփական հողի վրա ապրեն։ Այո՛, թերություններ մեզ մոտ էլ են հերիքում, բայց մենք տարբերվում ենք նրանով, որ տեսնում ենք այդ թերությունները, շատ առումներով արմատախիլ ենք անում դրանք և ուզում ենք լուծել մեր ունեցած բոլոր խնդիրները»։

Source: https://news.am/hy/news/1041301