Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Սրբազան պայքար» շարժումն սկսվել է Տավուշում և պայմանավորված էր Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացներով, երբ Կիրանցի ժողովուրդը դեմ արտահայտվեց։ Դրա մասին հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Այդ հարցը Եկեղեցում քննարկվել է, և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ շարժումը քաղաքական բնույթ չի կրելու։ Մենք Բագրատ Գալստանյանին ասել ենք, որ առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին՝ հանդես գալով հավատացյալների իրավունքների պաշտպանության դիրքերից։

Հետո շարժումը փոփոխությունների ենթարկվեց, և Բագրատ Գալստանյանը մտավ քաղաքական գործընթացների մեջ։ Այդ պահին մենք դադարեցրինք նրա հոգևոր գործունեությունը։ Այնուհետև նրան ձերբակալեցին։ Նրան ներկայացված մեղադրանքները որևէ հիմք չունեն։ Մենք նրան լավ ենք ճանաչում։ Նա հայրենասեր հոգևորական է»,- նշել է Գարեգին Երկրորդը։

Նա հավելել է, որ Եկեղեցին միշտ անդրադարձել է հանրային կյանքում հանդես եկող կարևոր, խոցելի երևույթներին։ «Այդ հարցերը քննարկվել են առանձնազրույցների ժամանակ, բայց երբ երկրի իշխանությունների հետ դրանք ուղղակիորեն քննարկելու առիթ ու հնարավորություն չի լինում, մենք այդ հարցերը բարձրացնում և բարձրաձայնում ենք։ Նախկին իշխանությունների օրոք նման հարցերը քննարկվում էին, և մենք հրավիրում էինք նրանց ուշադրությունը, որպեսզի այդ երևույթները չշարունակվեին հանրային կյանքում»,- ընդգծել է Գարեգին Երկրորդը։

Source: https://news.am/hy/news/1040342