Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել է, որ դիտարկում է պետության ղեկավարի պաշտոնից վաղաժամկետ հեռանալու և հետագայում երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։
Բելգրադի ռադիոյի եթերում նա հայտնել է, որ «կարող է հրաժարական տալ նույնիսկ ավելի շուտ», քան երեք-չորս ամսից, ընդգծելով, որ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։ Ըստ Վուչիչի՝ ինքն արդեն սկսել է հավաքել անձնական իրերը նախագահական նստավայրում՝ միևնույն ժամանակ նշելով, որ «ոչ մի անակնկալ չի լինելու»։
Պետության ղեկավարը հայտարարել է նաև, որ պարբերաբար խորհում է խորհրդարանական ընտրություններին որպես վարչապետի պաշտոնի թեկնածու մասնակցելու տարբերակի շուրջ։
Վուչիչը Սերբիայի նախագահ է ընտրվել առաջին անգամ 2017 թվականին և վերընտրվել է 2022 թվականին։ Նրա նախագահական ընթացիկ ժամկետն ավարտվում է 2027 թվականին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերբիայում խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ աշնանը՝ սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում։ Ազգային սկուպշչինայի (խորհրդարանի) խոսնակ Անա Բռնաբիչը հայտարարել էր, որ իշխող «Սերբական առաջադիմական կուսակցությունը» կարող է Վուչիչին վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրել։
Source: https://news.am/hy/news/1042635