ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է մոտ մեկ տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնց Վաշինգտոնը մեղադրում է սպառազինությունների գնման և ֆինանսական գործառնությունների իրականացման հարցում Իրանին աջակցելու մեջ, հաղորդում է Reuters-ը։
Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ սահմանափակումների տակ են հայտնվել Հոնկոնգում և Չինաստանում գրանցված ինը ընկերություններ և անձինք։ Նրանք կասկածվում են Իրանի համար սպառազինությունների ու բաղադրիչների մատակարարման սխեմաներին մասնակցելու, ինչպես նաև երկրի պաշտպանական հատվածին առնչվող ֆինանսական գործառնություններին աջակցելու մեջ։
Առանձին պատժամիջոցների տակ են հայտնվել նաև երկու ընկերություններ և երկու ֆիզիկական անձինք Իրանից և Բելառուսից։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտարարել են, որ նրանք ներգրավված են եղել Իրանի «կոնվենցիոնալ սպառազինությանն» առնչվողգործունեության մեջ։
Ինչպես նշում է Reuters-ը, հոնկոնգյան ընկերություններից մեկը հիշատակվում է նաև այն հետաքննություններում, որոնք վերաբերում են այսպես կոչված «ստվերային բանկային ցանցին» մասնակցությանը, որն օգտագործվում է միջազգային սահմանափակումները շրջանցելու համար։
Վաշինգտոնը շարունակում է ուժեղացնել պատժամիջոցային ճնշումը այն կառույցների նկատմամբ, որոնք, ըստ նրա պնդումների, օգնում են Թեհրանին հասանելիություն ստանալ սպառազինություններին և ֆինանսական ռեսուրսներին՝ շրջանցելով գոյություն ունեցող սահմանափակումները։
Source: https://news.am/hy/news/1042642