Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի կնքման հեռանկարները «լավագույն տեսքը չունեն», հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավար, պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այս պահին կողմերից ոչ մեկը զիջումների գնալու պատրաստակամություն չի ցուցաբերել, հատկապես ռուսական կողմից, որոնք անհրաժեշտ են խաղաղության հասնելու համար,- Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում օրենսդիրներին հայտարարել է Ռուբիոն:- Մենք նախկինի պես պատրաստ ենք ցանկացած հնարավոր դերակատարում ունենալ այս համատեքստում՝ հանուն խաղաղության հասնելու, քանի որ կարծում ենք, որ Ուկրաինայի պատերազմը՝ այս կործանարար պատերազմը, չունի ռազմական լուծում։ Այն կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն առայժմ այդ ջանքերը մնում են անպտուղ»։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից Կիևի աջակցությունը մնում է «անխոչընդոտ»՝ չնայած Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին։
«Այսօրվա դրությամբ ես ձեզ համար որևէ նորություն չունեմ այս ճակատից, սակայն... մենք պատրաստ ենք ներգրավվել և խաղալ ցանկացած դրական դեր, որը միայն կարող ենք, որպեսզի վերջ դնենք այս կործանարար և գնալով թափ հավաքող պատերազմին»,- ամփոփել է Ռուբիոն։
Source: https://news.am/hy/news/1040676