Նիգերիական դատարանը չորս տղամարդու դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով՝ նրանց մեղավոր ճանաչելով 2022 թվականին Օվո քաղաքի (հարավարևմտյան Օնդո նահանգ) կաթոլիկ եկեղեցու վրա կատարված հարձակման համար, որի հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել, հայտնում է Reuters-ը։

Դատավոր Էմեկա Նվիտեն դատավճիռը կայացրել է, երբ ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել մեղադրանքի ինը կետերով, այդ թվում՝ պատանդներ վերցնելու, մարդկանց առևանգելու, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև պայթուցիկ սարքեր պայթեցնելու մեջ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և վիրավորումների։

Չորս դատապարտյալները՝ Իդրիս Աբդուլմալիկ Օմեյզան, Ալ-Քասիմ Իդրիսը, Ջամիու Աբդուլմալիկը և Աբդուլհալիմ Իդրիսը, մեղավոր են ճանաչվել մի քանի հոդվածներով։ Գործով հինգերորդ մասնակիցն արդարացվել է ապացույցների անբավարարության պատճառով, ինչի մասին վկայում են դատական նիստի նյութերը։ Դատավարության սկզբում ամբաստանյալները հայտարարում էին իրենց անմեղության մասին։

2022 թվականի հունիսին տեղի ունեցած հարձակումը դարձավ Նիգերիայի ամբողջ պատմության ընթացքում կրոնական հաստատություններում իրականացված ամենաարյունալի ահաբեկչություններից մեկը։

Մահապատժից բացի, չորսն էլ խորհրդանշական ցմահ ազատազրկման ժամկետներ են ստացել ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու համար, ինչպես նաև 20-ական տարվա ազատազրկում՝ հանցավոր համաձայնությանը մասնակցելու համար։

Ըստ դատարանի նյութերի՝ դատապարտյալները ենթադրաբար հարել են արևելաաֆրիկյան «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորմանը 2021 թվականին և ահաբեկչություններ էին ծրագրում այլ օբյեկտներում, ներառյալ՝ Նիգերիայի կենտրոնական մասում գտնվող պետական դպրոցում և Օվոյից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մզկիթի մերձակա շրջանում։

«Աշ-Շաբաբ» խմբավորումը չի ստանձնել 2022 թվականի հունիսին եկեղեցու վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, իսկ նրա օպերատիվ ներկայությունը Նիգերիայի տարածքում մինչ օրս պաշտոնապես հաստատված չէ։

Ի սկզբանե երկրի իշխանությունները մեղքը բարդում էին «Իսլամական պետությունը Արևմտյան Աֆրիկայում» (ISWAP) կազմակերպության վրա, որը «Բոկո Հարամ» խմբավորման հետ միասին բազմամյա ապստամբական պատերազմ է վարում Նիգերիայի հյուսիս-արևելքում, սակայն այդ կառույցներից և ոչ մեկն այդպես էլ չհայտարարեց տվյալ ահաբեկչությանն իր առնչության մասին։

Source: https://news.am/hy/news/1040662