ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հաջորդ ամիս Թուրքիայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Դրա մասին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախագահն անձամբ կայցելի այդ միջոցառմանը»,- հայտնել է Ռուբիոն։
Թրամփն արդեն վաղուց հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հասցեին քննադատությամբ, սակայն Իրանում ընթացող պատերազմի ֆոնին նրա հռետորաբանությունն էլ ավելի է կոշտացել։ Ապրիլին նա դաշինքն անվանել էր «թղթե վագր» և ակնարկել, որ ԱՄՆ-ը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը այն բանից հետո, երբ դաշինքի անդամ երկրներն անտեսեցին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման համար ռազմական օգնություն ցուցաբերելու իր կոչը։
«Ես կարծում եմ, որ հուլիսին Թուրքիայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի առաջիկա հանդիպումը կդառնա, հավանաբար, ամենակարևոր հանդիպումը դաշինքի պատմության մեջ, քանի որ կան մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է հստակեցնել և շտկել»,- չորեքշաբթի ընդգծել է Ռուբիոն։
Source: https://news.am/hy/news/1040687