Գիտնականները նկարագրել են փետրավոր դինոզավրի մի նոր տեսակ, որն ունեցել է չորս «թևանման» վերջույթներ և մոտ 120–124 միլիոն տարի առաջ հավանաբար ապրել է ներկայիս հյուսիսարևմտյան Չինաստանի անտառներում ու լճերի հարևանությամբ։ Այս մասին ասվում է Annals of Carnegie Museum ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Նորահայտ տեսակը ստացել է Jian changmaensis անվանումը և պատկանում է այսպես կոչված միկրորապտորների խմբին։ Սրանք փոքրիկ փետրավոր դինոզավրեր են և համարվում են այն տոհմածառի մոտ ազգականները, որից հետագայում առաջացել են թռչունները։ Չնայած վելոցերապտորի նման գիշատիչների հետ ունեցած արյունակցական կապին՝ այս կենդանիները մեծ ու թեփուկավոր չեն եղել, ինչպես ընդունված է պատկերացնել մասսայական մշակույթում, այլ ունեցել են թեթև մարմին և խիտ փետրածածկույթ։

Գիտնականների վերակազմության համաձայն՝ Jian changmaensis-ը երկար փետուրներ է ունեցել թե՛ առջևի, թե՛ հետևի թաթերի վրա, ինչի շնորհիվ հեռվից կարող էր հիշեցնել չորս թևերով «փոքրիկ վիշապի»։ Ենթադրվում է, որ նա չէր կարողանում թռչել բառիս բուն իմաստով, այլ ժամանակակից թռչող սկյուռների նման պարզապես սավառնում էր ծառից ծառ։

Հանածո մնացորդները հայտնաբերվել են Գանսու նահանգի Չանմա ավազանում։ Այս տարածաշրջանը հայտնի է հնագույն թռչունների հարուստ բրածոներով, սակայն մինչ օրս այստեղ դինոզավրերի մնացորդներ գրեթե չեն հայտնաբերվել, ինչն էլ այս բացահայտումն առանձնահատուկ ու կարևոր է դարձնում գիտության համար։

Հայտնաբերված կոնք-ոսկրային նյութը բավականին թերի է և ներառում է միայն ձախ թևի ու առջևի վերջույթի մի մասը։ Այդուհանդերձ, նույնիսկ այս ոսկորները բավարար են եղել նոր տեսակը նույնականացնելու համար։ Գիտնականները նշում են, որ նմուշը հիանալիորեն պահպանվել է եռաչափ տեսքով։ Դա հազվադեպ է միկրորապտորների պարագայում, քանի որ դրանց հանածոները սովորաբար գտնվում են ապարների ճնշումից տափակած վիճակում։

Հետազոտողների գնահատմամբ՝ կենդանու «թևերի» բացվածքը կարող էր հասնել մոտ 1,2 մետրի, ինչը շատ նման է ժամանակակից բվի չափսերին։ Սա Jian-ին դարձնում է միկրորապտորների խմբի մինչ օրս հայտնի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը։

Պալեոնտոլոգները ենթադրում են, որ այս դինոզավրը եղել է ակտիվ գիշատիչ և որսացել է հնագույն թռչունների, որոնք այդ տարածաշրջանում չափազանց շատ են եղել։ Այս վարկածի օգտին անուղղակիորեն վկայում է Չանմայի շերտերում թռչունների բազմաթիվ մնացորդների և բվերին բնորոշ «փսխուկների» (կերի չմարսված մնացորդների գնդիկների) առկայությունը։

Գիտնականներն ընդգծում են, որ միկրորապտորները կարևոր տեղ են զբաղեցնում էվոլյուցիայի մեջ, քանի որ ներկայացնում են դինոզավրերից դեպի վաղ շրջանի թռչունների անցումային փուլը։ Նրանց անատոմիան համատեղում է երկու տեսակի գծեր՝ գիշատիչ ճանկերից ու մանգաղաձև թաթերից մինչև զարգացած փետրածածկույթ։

Այնուամենայնիվ, հետազոտողները շեշտում են, որ գտածոն դեռևս խիստ թերի է, և Jian changmaensis-ի կենսաբանության ու վարքագծի մասին շատ բան դեռևս մնում է անհայտ։

Source: https://news.am/hy/news/1041352