Ֆրանսիայի Վերին Պիրենեյներ շրջանի «Գավարնիի հովիտներ» տուրիստական գործակալությունը սկսել է անսովոր մարքեթինգային ակցիա՝ փորձելով աջակցել 2026 թվականի կանխատեսելի թույլ ամառային սեզոնին, հայտնել է Le Figaro-ն։
Մայիսի վերջից առաջին 100 զբոսաշրջիկները, որոնք կամրագրեն առնվազն երկու գիշեր գործընկեր կեցավայրերում 2026 թվականի հունիսի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, կկարողանան ստանալ 50 եվրո անվանական արժեքով վառելիքային քարտ։ Նախաձեռնությունն ուղեկցվում է «Իսկ եթե այս ամռանը լիքը «լիցքավորվեք» կարգախոսով, որը խաղարկում է ճանապարհորդությունների ծախսերի աճի թեման։
Տեղի օպերատորների հարցման տվյալներով՝ իրավիճակը շրջանում մտահոգություն է առաջացնում. շուկայի մասնակիցների մոտ 62 տոկոսը հայտնել է ակտիվության նվազման մասին նախորդ տարվա համեմատ, իսկ ավելի քան 70 տոկոսը սեզոնը գնահատել է որպես «հիասթափեցնող կամ շատ հիասթափեցնող»։
Պահանջարկի անկման հիմնական գործոնների շարքում նրանք նշում են գների աճը, գնողունակության նվազումը և վառելիքի արժեքը։
Կազմակերպիչներն ընդգծում են, որ ակցիայի նպատակը ներքին զբոսաշրջության խթանումն ու տեղական բիզնեսի, հատկապես հյուրանոցային հատվածի աջակցությունն է։ Ընդ որում, վառելիքային քարտը տրվում է ոչ թե նախապես, այլ ուղևորության ավարտից հետո՝ տուրիստական գրասենյակում վճարված հաշիվը ներկայացնելու դեպքում։
Նախաձեռնությունը չի տարածվում «Տուր դը Ֆրանս» հեծանվավազքի անցկացման ժամանակահատվածի վրա (հուլիսի 7–11), երբ շրջանն առանց այդ էլ բարձր զբոսաշրջային հոսք է ունենում։ Գործակալությունում ընդունում են, որ ակցիան կներառի մասնակիցների սահմանափակ թիվ, սակայն հույս ունեն տարածաշրջանային ճանապարհորդների շրջանում «բերնից բերան» ազդեցության վրա։
Source: https://news.am/hy/news/1041461