Կառավարության այսօրվա՝ հունիսի 4–ի որոշմամբ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով թվային գործիքների կիրառման, գնահատման արդիական մեթոդների և կրթության կառավարման համակարգի թվայնացման ժամանակակից պահանջներին։
Միաժամանակ նախատեսվում է վերաիմաստավորել տարածքային մակարդակում գործող կազմակերպական մեխանիզմների դերը՝ ապահովելով դրանց գործառույթների հստակեցում և արդյունքների քննարկման գործընթացների օպերատիվ իրականացում մարզային մակարդակում։ Ատեստավորման արդյունքների քննարկման նպատակով նախատեսվում է նախարարի հրամանով, ըստ մարզերի, ստեղծել տարածքային հանձնաժողովներ՝ մարզային կառավարման մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ։
Տարածքային հանձնաժողովների գործունեությունը նպատակաուղղված է լինելու իրականացված ատեստավորման արդյունքների արագ քննարկմանը և ամփոփմանը՝ սահմանված կարճ ժամկետներում նախարարություն ներկայացնելու համար։
Միաժամանակ նախատեսվում է հստակեցնել արդյունքների քննարկման և հաստատման կենտրոնացված ընթացակարգերը, ինչպես նաև ներդնել միասնական թվային և վերլուծական համակարգեր՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու վերահսկելիությունը։
Նոր կարգավորումների ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, ատեստավորման գործընթացի արդիականացում՝ թվային գործիքների և ավտոմատացված ընթացակարգերի կիրառմամբ, գնահատման գործընթացների միասնականացում և օբյեկտիվության բարձրացում, մարզային մակարդակում քննարկման գործընթացների օպերատիվ կազմակերպում՝ հստակ ժամկետների պահպանմամբ։
Source: https://news.am/hy/news/1040882