Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանը շահագործման հանձնվելուց ի վեր արտադրել է 80 միլիարդ կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա, ինչը կարևոր պայման է երկրի քաղաքացիական միջուկային էներգետիկայի զարգացման գործում։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է «Mehr»-ը։
Նրա խոսքով՝ այս ցուցանիշին հնարավոր է եղել հասնել՝ չնայած տարիներ տևած արտաքին ճնշումներին, սպառնալիքներին և տարածաշրջանային բարդ իրավիճակին։
Էսլամին նշել է, որ արտադրված էլեկտրաէներգիայի այս ծավալը թույլ է տվել տնտեսել 131 միլիոն բարել նավթին կամ 21,3 միլիարդ խորանարդ մետր բնական գազին համարժեք վառելիք։
Իրանի ատոմային գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ երկրի միակ գործող ատոմակայանն իր շահագործման ողջ ընթացքում աշխատել է կայուն և անվտանգ։
Նրա խոսքով՝ ատոմակայանի աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կանխել մոտ 86,3 միլիոն տոննա աղտոտող նյութերի դեպի մթնոլորտ արտանետումը։
Էսլամին այս արդյունքն անվանել է Իրանի միջուկային ոլորտի նոր ձեռքբերումը և երկրի տեխնոլոգիական զարգացման, ինքնաբավության ու դիմակայունության խորհրդանիշը։
«Բուշեր» ԱԷԿ-ը մնում է Իրանի միակ գործող ատոմային էլեկտրակայանը և կարևոր դեր է խաղում երկրի էներգամատակարարման համակարգում։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև զինված հակամարտության ընթացքում ատոմակայանի հարակից շրջանները մի քանի անգամ ենթարկվել են հարձակումների, ինչը մտահոգություն է առաջացրել քաղաքացիական միջուկային ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ։ Չնայած դրան՝ իրանական կողմի տվյալներով, կայանը շարունակել է աշխատել բնականոն հունով և ապահովել էլեկտրաէներգիայի անխափան արտադրությունը։
Source: https://news.am/hy/news/1040904