Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մերձենալու հարցում, և ցանկանում է այդ երկրին տեսնել Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի թվում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել այս ինտեգրացիոն միավորման հետ Ադրբեջանի մերձեցմանը, քանի որ դա, մեր կարծիքով, կնպաստի մեր ընդհանուր եվրասիական տարածքում արդեն իսկ ձևավորված տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը»,- ասել է փոխնախարարը։ Նրա խոսքով՝ նման մերձեցումը նաև «լավ և դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, քանի որ երկիրը հասանելիություն կստանա ընդհանուր ապրանքային շուկայի առավելություններին և կկարողանա ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի, ծառայությունների ու ներդրումների ոլորտներում»։
«Մենք կցանկանայինք Ադրբեջանին տեսնել Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի կազմում և կարծում ենք, որ այդ քայլը ճանապարհ կհարթի բանկի միջոցների հաշվին հանրապետությունում խոշոր նախագծերի ֆինանսավորման համար»,- նշել է Գալուզինը։
Source: https://news.am/hy/news/1040894