Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են։
Source: https://news.am/hy/news/1041675