Տեսել ենք մի դեպք, որը երևի թե նախադեպը չունի: Ես չեմ հիշի ԱՊՀ դիտորդ, այսինքն՝ միջազգային դիտորդ, որն ուղիղ քարոզչությամբ է զբաղված իր ֆեյսբուքյան էջում, ուղիղ արտահայտվում է քաղաքական ուժերից մեկի կողմ: Այդ մասին, այսօր՝ հունիսի 7–ին, ճեպազրույցի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«ԱՊՀ դիտորդի այդ պահվածքը մենք արդեն ներկայացրել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով զրկել դիտորդական հավատարմագրումից»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ԿԸՀ-ն արագ կգործի այս մասով:
Նա նաև կարծիք հայտնեց, թե ԱՊՀ առաքելությունը և «Հայաքվե» նախաձեռնությունն այս առումով խնդրահարույց են դառնում այն ձայնագրության լույսի ներքո, որ օրերս հրապարակվել էր, այն է՝ «Հայաքվեի» ղեկավար անձանցից մեկը քննարկում է ՌԴ-ի կողմից ՀՀ-ի ընտրություններին միջամտելու հարցը, և այդ կոնտեքստում դիտարկվում էին ԱՊՀ դիտորդները:
«Այստեղ մենք տեսնում ենք որոշակի տրամաբանական կապ»,- հայտարարեց Դանիել Իոաննիսյանը:
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրակաշառքների վերաբերյալ բացահայտումներին, Իոաննիսյանն ասաց. «Այդ բացահայտված դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները բավականին արժանահավատ են և մի քիչ վախենալու է պատկերացնել թե ինչպիսին է եղել իրական ծավալը ընտրակաշառքի։
Միաժամանակ մենք ունենք ահազանգեր այն մասին, որ երեկոյան ժամերին կարող են լինել որոշակի հոսանքազրկումներ, միգուցե կիբերհարձակումների տեսքով, միգուցե այլ մեխանիզմներով, թեև էլեկտրական ցանցի պատասխանատուները մեզ վստահեցրել են, որ էլեկտրացանցի ամեն տեղամասում պատասխանատու հերթապահ է լինելու, որ ամեն ենթակայան հիմա խիստ վերահսկվում է նաև ուժային կառույցների կողմից։ Ամեն դեպքում ես ուզում եմ բոլորին ասել, եթե լինեն հոսանքազրկումներ, մենք ունենք գործողությունների հստակ ալգորիթմներ։ Նախ 1996 թիվը չի, որ հոսանքը գնալու դեպքում բոլորը սկսեն մոմ ման գալ, բոլորը հեռախոս ունեն, հեռախոսները լապտեր ունեն, նաև տեսախցիկները UPS-ով են և շարունակելու են նկարահանել տեղի ունեցածը և հեռարձակել»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
Source: https://news.am/hy/news/1041694