ԱՄՆ զինված ուժերը ստիպված են կրճատել կամ ընդհանրապես չեղարկել անձնակազմի վարժանքների մի մասը: Պատճառն Իրանի հետ հակամարտության հետևանքով վառելիքի գների կտրուկ թանկացումն է։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Պենտագոնն ԱՄՆ բոլոր դաշնային գերատեսչությունների շարքում վառելիքի ամենախոշոր սպառողն է. 2021 թվականից սկսած՝ այն տարեկան գնում է ավելի քան 1 միլիարդ լիտր դիզվառելիք և 10 միլիարդ լիտր ավիացիոն վառելիք։ Ընդ որում, 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում վառելիքի բոլոր տեսակների միջին գինն աճել է գրեթե 27%-ով։ Ստեղծված իրավիճակի պատճառով գերատեսչության չնախատեսված ծախսերը (միայն ինքնաթիռների, տանկերի և այլ տեխնիկայի լիցքավորումն ապահովելու համար) կգերազանցեն առնվազն 1 միլիարդ դոլարը։
Պենտագոնի վրա ազդում է նաև քաղաքացիական անձանց համար վառելիքի թանկացումը, ինչը հանգեցնում է ավիատոմսերի և անձնական մեքենաների բենզինի գների աճին. բանն այն է, որ գերատեսչությունը սովորաբար փոխհատուցում է զինծառայողների ճանապարհածախսը։ Բացի այդ, վառելիքի գնային իրավիճակով պայմանավորված՝ որոշ ստորաբաժանումներ ապրիլից ի վեր կտրուկ կրճատել կամ ընդհանրապես չեղարկել են դեպի ուսումնական կենտրոններ իրականացվող ուղևորությունները։
Մայիսին ABC-ն հայտնել է, որ ԱՄՆ ցամաքային զորքերը չեղարկում են անձնակազմի բժշկական պատրաստության դասընթացները, ինչը կապված է ընթացիկ ֆինանսական տարվա (որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին) բյուջեի դեֆիցիտի հետ: Նշվում է, որ բյուջետային ճեղքվածքը գնահատվում է 4-6 միլիարդ դոլար:
Ավելի վաղ հայտնի է դարձել նաև, որ Իրանում իրականացվող գործողությունների ֆոնին Պենտագոնը կարող է 100-200 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական ֆինանսավորում խնդրել Կոնգրեսից։
Source: https://news.am/hy/news/1040812