Ղրիմում հունիսի 4-ի առավոտյան անօդաչու թռչող սարքը հարձակվել է Ազովսկոե ավանից Կերչ քաղաք ընթացող արվարձանային գնացքի վրա։ Այս մասին հայտնել է թերակղզու՝ Ռուսաստանի կողմից նշանակված նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը։ «Մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ օպերատիվ ծառայությունները»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Ակսյոնովը։ Դրանից առաջ նա հայտնել էր նաև Սիմֆերոպոլի վրա ուկրաինական անօդաչուների գիշերային հարձակման մասին, որի հետևանքով երեք մարդ էր զոհվել, ևս յոթը՝ վիրավորվել։ Ըստ նրա տվյալների՝ հարվածը հասցվել է ոչ բնակելի օբյեկտներին։ Ակսյոնովն այլ մանրամասներ չի հաղորդել։

Միևնույն ժամանակ, Սևաստոպոլի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը քաղաքի երկնքում ավելի քան 20 անօդաչու թռչող սարք են խոցել։ Ըստ նրա՝ տուժածներ չկան։ Այդուհանդերձ, դրոնների բեկորների ընկնելու հետևանքով Հյուսիսային կողմում մասնավոր տներից մեկի տանիքն է հրդեհվել։ Բացի այդ, Ֆրուկտովոե գյուղում վնասվել է մեկ այլ մասնավոր տան ճակատային մասը։ Թերակղզու վրա իրականացված օդային հարձակման պատճառով Ղրիմի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։

Նախօրեին՝ հունիսի 3-ին, հարվածային անօդաչու թռչող սարքը Դոնեցկի մարզի Ենակիևո քաղաքում հարձակվել էր Մոսկվա — Սիմֆերոպոլ երթուղային ավտոբուսի վրա։ Հարվածի հետևանքով ութ մարդ զոհվել էր, ևս 11-ը՝ վիրավորվել. այս մասին հայտնել էր ինքնահռչակ «ԴԺՀ»-ի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Դենիս Պուշիլինը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (ՌԴ ՔՕ 205-րդ հոդված)։ Գերատեսչությունում նշել են, որ քննիչները պարզում են ահաբեկչությանը առնչություն ունեցող «կոնկրետ անձանց» ինքնությունը։

ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ հարվածից հետո դեպքի վայրի երկնքում արձանագրվել են Ուկրաինայի զինված ուժերի հետախուզական անօդաչուներ։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան միջազգային կառույցներին, կառավարություններին և լրատվամիջոցներին կոչ է արել դատապարտել այս հարձակումը։

Source: https://news.am/hy/news/1040830