Լիտվայի կառավարող կոալիցիայի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը շաբաթ օրը կայանալիք նիստում կարող է որոշում կայացնել արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսին փոխարինելու մասին։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի դեկտեմբերից։ Այս մասին հայտնում է Լիտվայի ազգային ռադիոն (LRT)՝ հղում անելով կուսակցության իր աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ արտաքին քաղաքականության հարցերում Բուդրիսի դիրքորոշումը «այնքան էլ չի համապատասխանում կուսակցության և կառավարության որդեգրած կուրսին»։ Մասնավորապես, արտաքին գործերի նախարարին քննադատում են Կալինինգրադի վերաբերյալ կոշտ հայտարարությունների, ինչպես նաև Բելառուսի և Չինաստանի հետ հարաբերությունների նկատմամբ ունեցած մոտեցումների համար։ Աղբյուրները նաև նշել են, որ շաբաթօրյա նիստում կարող են քննարկվել ավելի լայնածավալ փոփոխություններ, այդ թվում՝ իշխող կոալիցիայի կազմի վերանայումը և կառավարության մի շարք անդամների, այդ թվում՝ գործող վարչապետ Ինգա Ռուգինենեի փոխարինումը։

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ինդրե Կիժենեն LRT-ին հաստատել է, որ առաջիկա նիստի օրակարգային հարցերից մեկը լինելու է հենց կառավարող կոալիցիայի քննարկումը։ «Հնարավոր է՝ բարձրացվի նաև կառավարության կազմի հարցը։ Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարին, ապա որքանով տեղյակ եմ՝ կուսակցության նախագահի և նախարարի միջև զրույց է եղել։ Թե ինչպիսին կլինի արդյունքը, կտեսնենք շաբաթ օրը»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ Լիտվայի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ Neue Zürcher Zeitung-ին տված հարցազրույցում նշել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանին ցուցադրի իր կարողությունը և «ներխուժի այն փոքրիկ ամրոցը, որը ռուսները կառուցել են Կալինինգրադում»։ Նա նաև հավելել էր, որ դաշինքն օժտված է էքսկլավում տեղակայված ռուսական ռազմաբազաները ոչնչացնելու բոլոր անհրաժեշտ միջոցներով։

Source: https://news.am/hy/news/1040822