Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցեր ունի դատարաններին և իրավապահ համակարգին։ Հերթական դժգոհությունները հնչեցին հունիսի 11-ի ճեպազրույցի ժամանակ, իսկ առիթը դարձան անցած ընտրությունները։
Փաշինյանի խոսքով՝ համակարգը պետք է պատասխան տա հանրությանը, թե ինչու է հասարակությունը ֆինանսավորում այդ համակարգը, եթե հանցագործները (նկատի ունի ընդդիմության առաջնորդներին – խմբ․) շրջում են փողոցներում և շարունակում հանցագործություններ կատարել։
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունն առանց ընտրակաշառքների չէր հաղթահարի շեմը։ Դատաիրավական համակարգը պատասխանատվություն է կրում, թե ինչու նախորդ ընտրություններին ընտրողներին կաշառածները բանտում չեն»,- վրդովվել է Փաշինյանը։
Փաշինյանը վստահ է, որ «ՔՊ»-ն (Քաղաքացիական պայմանագիրը) ստացել է ընտրողների 100 տոկոսանոց «օրգանական քվեն», իսկ մնացածը 100 տոկոսով ընտրակաշառքների արդյունք են։ «Առանց փողի նրանց օգտին ոչ ոք չի քվեարկի։ Խախտումներ եղել են, դրանք ազդել են արդյունքի վրա (նկատի ունի ընտրակաշառքները), որովհետև նրանք չպետք է հաղթահարեին շեմը։ Եթե մանդատները չվերցնեն, գոնե լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Իսկ այսպես՝ ամբիոնի մոտ փողի տոպրակներ են լինելու։ Նրանք չեն անցել ԱԺ, անցել է միայն փողը»,- հայտարարել է Փաշինյանը։
Այնուհետև նա կրկին անդրադարձավ դատաիրավական համակարգի պատասխանատվության թեմային. «Համակարգը պետք է պատասխան տա։ Մինչև հաջորդ՝ 2031 թվականի ընտրությունների ձայների հաշվարկի ավարտը, նրանք պետք է բանտում լինեն, այլապես ստացվում է, որ դատաիրավական համակարգը գործում է Հայաստանի դեմ։ Պետք է արմատախիլ անել մաֆիան։ Ի՞նչ է նշանակում ընտրակաշառքի գործով արդարացնել Գագիկ Ծառուկյանին»,- շարունակել է վրդովվել Փաշինյանը՝ համակարգին մեղադրելով կոռումպացվածության մեջ։
Այն հարցին, թե արդյոք այս ելույթը ճնշում չէ դատարանների վրա և անմեղության կանխավարկածի խախտում, Փաշինյանը հայտարարել է, որ խոսում է որպես հանրության լեգիտիմ ներկայացուցիչ, ում համբերության բաժակը լցվում է։ «Ես թույլ չեմ տա։ Թող բոլորը հաշվետվություն ներկայացնեն, թե ինչով են զբաղված։ Բոլոր կաշառակեր դատավորները բռնվելու և դատապարտվելու են»,- հայտարարել է Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1042813