Շուկան անսահմանափակ է, և անհրաժեշտ է զգալիորեն ընդլայնել արտահանման համար նախատեսված արտադրության ծավալները։ Այս մասին հունիսի 11-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ պատժամիջոցների համատեքստում հայկական գյուղմթերքի սպառման շուկաների դիվերսիֆիկացման մասին հարցին։

«Մնացածը աշխատանքային գործընթացներ են։ Արտահանման համար նախատեսված արտադրանքի դեֆիցիտ կա։ Շատ մեծ դեֆիցիտ»,- հայտարարել է Փաշինյանը։

Անդրադառնալով ռուսական շուկա չհասած ապրանքների ճակատագրին՝ Փաշինյանը հայտնել է, որ ծաղիկների մի խմբաքանակն ուղարկվել է Նիդերլանդներ։ Վարչապետը նշել է, որ անձնական նամակ է ստացել իր հոլանդացի գործընկերոջից, որով վերջինս հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել, որպեսզի հայկական ծաղկի արտադրանքը ներկայացվի Նիդերլանդների՝ աշխարհում ամենամեծ շուկայում։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը դժգոհել է, որ հայկական արտադրանքն ամբողջությամբ ներկայացված չէ ԵԱՏՄ շուկայում, իսկ այնպիսի երկրները, ինչպիսիք են Ղազախստանն ու Ղրղզստանը, լոգիստիկ խնդիրների պատճառով քիչ են ծանոթ Հայաստանի ապրանքներին։ Փոխարենը հիմա, երբ Ադրբեջանի տարածքով հաղորդակցությունն աստիճանաբար կարգավորվում է, հնարավորություններ են բացվում մատակարարումներ իրականացնել նաև դեպի այդ երկրներ։ Դրան զուգահեռ՝ կարգավորվում է նաև Թուրքիայի հետ երկկողմ առևտուրը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, Փաշինյանը մտադիր է բոլոր հարցերը քննարկել ու կարգավորել եղբայրաբար և համբերատար՝ առանց վեճերի ու նյարդայնության։ ԵԱՏՄ շրջանակներում հայաստանյան վարչապետը մտադիր է շարունակել Միջկառավարական խորհրդի և Տնտեսական խորհրդի ձևաչափերով աշխատանքը։

Source: https://news.am/hy/news/1042830