Թուրքական ուժերը երկուշաբթի խոչընդոտներ են ստեղծել ռազմական ինքնաթիռների համար, որոնք եվրոպացի պաշտպանության նախարարներին տեղափոխում էին Կիպրոսում անցկացվելիք ԵՄ նիստին։ Դրա մասին հայտարարել է Կիպրոսի կառավարությունը՝ հավելելով, որ տեղի ունեցածի կապակցությամբ պաշտոնական բողոքներ կուղարկի։
«Հունաստանի, Նիդերլանդների և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները մեզ տեղեկացրել են, որ Կիպրոս իրենց այցի ընթացքում այն ինքնաթիռները, որոնցում նրանք գտնվում էին, Թիմբուի անօրինական օդանավակայանի կողմից ենթարկվել են ռադիոկապի միջամտության»,- ասված է Կիպրոսի Հանրապետության նախագահի մամուլի ծառայության տնօրեն Վիկտոր Պապադոպուլոսի հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ այն ինքնաթիռի դեպքում, որով թռչում էր Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, տվյալ տարածքում արձանագրվել է նաև թուրքական կործանիչների ներկայություն։
«Կիպրոսի Հանրապետությունը պատշաճ կերպով կդատապարտի այս բոլոր գործողությունները համապատասխան ատյաններում»- ընդգծել է Պապադոպուլոսը։- Պաշտպանության նախարարը հենց այսօր կտեղեկացնի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին [Կայա Կալասին], ինչպես նաև դրա մասին նիստերի ընթացքում կզեկուցի Եվրոպական խորհրդին»։
Նախարարները երկուշաբթի թռչում էին Կիպրոս՝ Եվրամիության երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար։ Ներկայում Կիպրոսը զբաղեցնում է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը՝ վեցամսյա ռոտացիոն ցիկլի շրջանակում։
Ինչպես POLITICO պարբերականին պատմել են հունական և կիպրական պաշտոնյաները, ինքնաթիռների հետ ռադիոկապը խաթարել էին Էրջան օդանավակայանում (որը գտնվում է Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային մասի Թիմբու քաղաքի մոտ) աշխատող դիսպետչերները։ Բացի դրանից, թուրքական երկու F-16 կործանիչներ օդ են բարձրացել և դեպի Կիպրոս մոտենալիս ուղեկցել են եվրոպացի պաշտոնյաներին տեղափոխող ինքնաթիռներից առնվազն մեկը՝ միևնույն ժամանակ պահպանելով տարածություն։
Միջադեպերը վերաբերել են Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին տեղափոխող ռազմական ինքնաթիռին, ինչպես նաև Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենի ինքնաթիռին։ Կիպրացի պաշտոնյան հավելել է, որ հետապնդման է ենթարկվել նաև Նիդերլանդների պատվիրակության ինքնաթիռը։
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Կիպրոսն ու Ֆրանսիան պետք է ստորագրեին Ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիրը (SOFA)։ Դա պաշտպանական համագործակցության մասին պայմանագիր է, որը սահմանում է կղզում ֆրանսիացի զինծառայողների ներկայության իրավական հիմքերը։
Փաստաթուղթը երկուշաբթի Նիկոսիայում պետք է ՝ստորագրեին՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենի և նրա կիպրացի գործընկեր Վասիլիս Պալմասի կողմից։ Պայմանագիրը կորոշի այն պայմանները, որոնցով ֆրանսիական զորքերը կարող են տեղակայվել, մարզվել և գործել Կիպրոսում՝ հարգելով ազգային ինքնիշխանությունը։ Այն կներառի զորքերի համակարգումն ու օպերատիվ համատեղելիությունը, կապերը պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում, համատեղ ռազմական վարժանքները, ինչպես նաև միմյանց տարածքներում ուժերի գտնվելու վարչական հարցերը։
Source: https://news.am/hy/news/1042088