Ուկրաինայում խաղաղության հասնելն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։ Դրա մասին Ստամբուլում Ադրբեջանի և Վրաստանի իր գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա ընդգծել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցության աճող ռազմավարական կարևորությունը, հաղորդում է Անադոլու գործակալությունը։
«Մեր հյուսիսում շարունակվող հակամարտությունն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելը կարևոր պայման ենք համարում տարածաշրջանային կայունության և անվտանգության համար։ Համոզված ենք, որ այս դիվանագիտական գործընթացն ու խաղաղարար ջանքերը պետք է վճռականորեն շարունակվեն»,- ընդգծել է Ֆիդանը։
Հաքան Ֆիդանը լուրջ մտահոգություն է հայտնել այն փակուղային իրավիճակի կապակցությամբ, որն, ըստ նրա, ստեղծվել է ինչպես մարտի դաշտում, այնպես էլ դիվանագիտական հարթակում։ «Բոլորս տագնապով ենք հետևում ներկայիս փակուղուն թե՛ ռազմաճակատում և թե՛ դիվանագիտական գործընթացում։ Այդ պատային իրավիճակն իրենց օգտին շրջելու նպատակով կողմերի ձեռնարկած քայլերը, ցավոք, միայն հանգեցնում են տեղում լարվածության հետագա աճին»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով Սև և Ազովի ծովերի ջրատարածքներում վերջերս հասցված հարվածներին՝ Ֆիդանը մատնանշել է, որ դրանք ակնառու կերպով ցուցադրում են տվյալ հակամարտության հնարավոր ծանր հետևանքները։ Իր ելույթի ավարտին նա ցավակցություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ մարդկային զոհերի պատճառ դարձած վերջին միջադեպի կապակցությամբ։
Source: https://news.am/hy/news/1042111